ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (ՄԱՍ 3)


Խաչքարերը և նրան կից մատուռը, 1263թ., Գոմք:

Խաչքարերը և նրան կից մատուռը, 1263թ., Գոմք:

12-րդ դարի վերջերից սկսված խաչքարային մշակույթի նոր վերելքը դասական դրսևորում գտավ նաև Վայոց Ձորում գագաթնակետ ունենալով 13-րդ դարի երկրորդ կեսը և 14-րդ դարի առաջին տասնամյակները, երբ այստեղով անցնող մետաքսի ճանապարհի աշխուժացումն ու Օրբելյան և Պռոշյան իշխանական տների ճկուն քաղաքականությունն աննախադեպ տնտեսամշակութային վերելք ապահովեցին փոքրիկ գավառի համար։ Ծաղկուն բնակավայրերը, ընդարձակ քարավանատները, շեն վանական համալիրներն ու կրթական կենտրոնները դառնում են մշակութային լանդշաֆտի ամենաարտահայտված

Մոմիկի 1308թ. խաչքարը:

Մոմիկի 1308թ. խաչքարը:

բաղկացուցիչները, խաչքարը այդ լանդշաֆտի ամենատարածված և գերիշխող տարրերից մեկը՝ կարգավորելով ու նշանագրելով ճանապարհն ու բնակավայրը, վանքն ու մատուռը, խաչայնացնելով անգամ բնական ժայռերը, խորհդանշելով հաջո­ղությունն ու հաղթանակը, բարերարությունն ու նախաձեռնությունը, ուրախությունն ու վիշտը։ Ողջ խաչքարային մշակույթի համար անգերազանցելի են մնում Ամաղուի Նորավանքի խաչքարային լանդշաֆտը, Կապույտի խաչքարապատ ժայռերը, Մարտիրոս գյուղի հիմնադրման առթիվ կանգնեցված խաչքարը, Գոմքի խաչքարն ու նրան կցված մատուռը, Եղեգիսի տոհմական տապանաբակը, մետաքսի ճանապարհի երկա­րությամբ տեղադրված որմնափակ խաչքարերը։ Եվ անշուշտ, այդ հոյակապ վերելքի թագն ու պսակը Մոմիկի կերտած խաչքարերը։

Բազմապլան ու բազմաթեմա են հայտնի ճարտարապետ, գրիչ ու մանրանկարիչ Մոմի­կի խաչքարերը։ Հորինվածքային ամբողջակա­նությունը, ծավալի ստեղծումը հարթ շերտերի համադրումով, մանր, ցանցկեն ու տեխնիկապես անթերի բուսաերկրաչափական քանդակը, հա­մարյա մարդաբանական ճշտության հասնող պատկերաքանդակը միանշանակ հավաստում են,  որ դասական խաչքարային հորինվածքը հաջողում է, երբ գտնվում է ծավալի, զարդի ու պատկերի  համամասնությունը։ Մոմիկը փորձել է է’լ ավելի  ընդգծել խաչի երկրպագելի կարգավիճակը՝ խաչախորանին և քիվի խորանին տալով համարյա իրական խորություն, իսկ եզրագոտիները վերա­ծելով ճարտարապետորեն ձևավորված «մուտքե­րի»։ Այսու՝ Մոմիկի խաչքարերը կարևոր աղբյուր են նաև խաչքարի գործառույթի ու ծիսականացման խնդիրների պարզաբանման առումով։

Ցավոք, այսօր կարելի է խոսել ընդամենը չորս խաչքարերի մասին, որոնցից երեքն ակնհայտորեն պատկանում են Մոմիկին։ Դրանք են՝ 1304թ. Ստեփանոս Օրբելյանի հիշատակին կանգնեցված խաչքարը, էլիկում Օրբելյանի կնոջ՝ Թամթախաթունի պատվերով 1308թ. կանգնեցված առաջին խաչքարը և նույն տիկնոջ կողմից մինչև 1312թ. պատվիրված երկրորդ խաչքարը։ Չորրորդը, որ թվագրված է 1332 թվականով, միայն պայմանականորեն կարելի է վերագրել Մոմիկին։ Continue reading

Advertisements