Վայոց Ձորի թեմ

Վայոց ձորի մշակութային ժառանգությունը

Advertisements

 

Արփա գետն իր վտակներով Վայոց ձորում առաջացրել է բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր ու ձորեր, որի պատճառով էլ այստեղի աշխարհագրական անունների մի զգալի մասը վերջանում է «ձոր»-ով` Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գնիշիկաձոր, Քարափաձոր, Ուփի ձոր և այլն: Վայոց ձորը բարձրաբերձ լեռների, խորունկ ձորերի, անանցանելի կիրճերի, սարահարթերի ու բարեբեր դաշտերի մի երկիր է` ալպյան մարգագետիններով, տափաստաններով ու անտառներով, հարուստ կենդանական ու բուսական աշխարհով:

Գորշ ժայռերի և կանաչ ձորերի երկիր է Վայոց ձորը. այստեղ իրար են ձուլված փարթամ կանաչը և մերկացած ժայռերը:

Մարդն արել է հնարավոր ամեն ինչ` ջուրը լանջերն ի վեր բարձրացնելու և չոր ու անհրապույր քարուտները փարթամ այգիների ու բնակավայրերի վերածելու համար: Որտեղ ջուր, այնտեղ` կյանք. ասացվածքը լիովին բնորոշ է Վայոց ձորի համար: Ձորերն ու կիրճերը այստեղ հանդիսացել են յուրատեսակ  գանձատներ, որոնցում ամփոփված են ձեռակերտ ու անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններ:

Գնիշիկաձոր

Արփայի հովիտը

Գնիշիկաձորը ձգվում է Գնիշիկ գետի երկարությամբ՝ Գնիշիկ գյուղից մինչև գետի գետաբերանը: Այս հատվածում ձորի  երկարությունը կազմում է 12-13 կմ:  Ձորն ունի զգալի  չափեր՝ 200-300 մ լայնություն՝ հովտի վերին ու 50-80 մ լայնություն՝ հովտի ստորին մասերում և մինչև 300 մ խորություն: Հսկայական այս ձորը ստորին հոսանքում /մինչև Արփա գետի կիրճին` Քարափաձորին միանալը/ առաջացնում է  խորը կիրճ՝ 150-200 մ խորությամբ և 20-40 մ լայնությամբ: Գնիշիկ գետի կիրճը իր ուղղորդ ու ահռելի քարափներով և լերկ ժայռերով ու զառիթափ լանջերով հիշեցնում է ֆանտաստիկ, ոչ երկրային պատկեր:

Գնիշիկաձորը շրջափակող դեղնա-կարմրագույն քարափներն ու ժայռերը  յուրօրինակ պարսպի դեր են խաղում ձորում գալարվող գետակի համար:

Երբեմն տեղատարափ անձրևներից հետո քարափներից գահավիժող հորդառատ ջրերը ստեղծում են ջրվեժներ` առանձնահատուկ գեղեցկություն տալով ձորին:  Ձորի լանջերը տեղ-տեղ ծածկված են փոքր նոսր անտառներով և պտղատու այգիներով: Գարնանը դրանց գումարվում է բազմերանգ ծաղիկների անծայրածիր “ծովը”: Արևոտ օրերին այդ ժայռերն ու քարափները  լույսի ու ստվերի համանվագ են ստեղծում, որից ձորը ստանում է աննկարագրելի գեղեցկություն:

Հովտի լանջերին մերկանում են կարմրագույն և դեղնագույն կրաքարերը և կոնգլոմերատները: Հաճախ լանջերը իրենց ստորոտներում վերջանում են քարանձավներով: Կրաքարերը և կոնգլոմերատները իրար կապակցող կրաքարային ցեմենտը շատ տեղերում լուծվել են ջրերի մեջ, հեռացվել ու ձորի լանջերին գոյացրել ռելիեֆի բազմապիսի սնամեջ ձևեր` քարանձավներ, քարայրեր, ծածկեր, հորեր:  Հենց այդպես են առաջացել  Արջերի, Մագելի, Թռչունների և բազմաթիվ այլ քարանձավներ: Խորհրդավոր բնությունը, մշտական բնակավայրերի բացակայությունը, մարդկանց սահմանափակ ելումուտը նպաստել են ինքնատիպ բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը և պահպանմանը:

Գնիշիկաձորում  աճում են հազվագյուտ և  էնդեմիկ տեսակներ, ինչպես նաև կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցներ: Հազվագյուտ տեսակներից այստեղ հայտնի են վայրի վարդը (Rosa hemispherica), կարմրանի մի քանի տեսակները /Tamarix kotschyi, T. hohenackeri, T. ramosissima/, կծոխուրը /Berberis vulgaris/, սրոհունդը /Hypericum perforatum,  H. formosissimum/, մամրիչը /Clematis orientalis, C. vitalba/, սզնին /Crataegus meyeri, C. pallasii , C. orientalis, C. pentagyna/: Կիրճի բարձադիր մասերում աճում են զանգակածաղիկների  /Campanula coriacea, C. karakuschensis, C. takhtajanii/ խիստ հազվագյուտ տեսակները, արևելյան մեխակի  Diantus orientalis/ նրբագեղ կարմիր, գեղեցիկ ծաղիկներ ունեցող  խիտ բարձիկները, կռվինչը /Parietaria judaica/, խլածաղիկը /Scrophularia rupestri /. վերջինս հրաշալի դեղաբույս է և օգտագործվում է երիկամներում քարերի կուտակման դեպքում:

Արփա գետը ստորին հոսանքում

 Քարափերի ստորոտում և գետափնյա անտառակներում հանդիպում է մեկ  այլ կարևոր դեղաբույս` դդմազգիների ընտանիքից լոշտակը /Bryonia alba/, որն օգտագործվում է “հայկական հիվանդության” թոքային ձևի բուժման ժամանակ: Կիրճում հանդիպում են նաև փռշնիի երկու տեսակներ /Celtis caucasica, C. glabrata/: Այս ծառի բնափայտը ամուր է /դրա պատճառով երբեմն այն անվանում են քարի ծառ/ ու ծանր, սուզվում է ջրում: Հնագույն ժամանակներից ի վեր փռշնին համարվել է սրբազան, որից պատրաստել են տարբեր զարդեր և դաղդաղաններ` անասուններին “չար աչքից” ազատ պահելու համար: Գնիշիկաձորի ձախափնյա  խճածածկ լանջերին աճում են մի շարք էնդեմիկ տեսակներ` Տոմանթեա /Tomanthea daralaghezica/, խոզանափուշ /Cousinia daralaghezica/, միշոքսիա /Michauxia laevigata/, որի ծաղկաբույլի բարձրությունը անցնում է 2 մ-ից, բարդածաղկավորների ընտանիքից` սղոցուկ /Serratula serratuloides/, յուրինեակ /Jurinea arachnoidea, J. pulchella/ և ուրիշ տեսակներ:

Կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցներից այստեղ հանդիպում են տանձի նախահայրերից / Pyrus takhtajanii, P. medvedevii, P. salicifolia/, ընկուզենին /Juglans regia/, վայրի պիստակենին /Pistacia mutica/, վայրի խաղողը /Vitis sylvestris/, վայրի բալենու տեսակները /Cerasus mahaleb, C. incana/, վայրի սալորը /Prunus divaricata/, նշենին /Amygdalus fenzliana/,  փշատը /Elaeagnus angustifolia/, վայրի ոսպը /Lens orientalis/, վիկը /Vicia/, սոխը / Allium / և այլն:

Գնիշիկաձորի տարածքը բարենպաստ է թռչունների բնադրման և կերակրման համար: Այստեղ հաշվառված 190 թռչնատեսակներից առավել հատկանշական են Քարարծիվը, Օձակեր արծիվը, Մորուքավոր անգղը, Գիշանգղը,  Միջերկրածովային բազեն, Սապսանը, Բվեճը, Կիսասպիտակավիզ ճանճորսը և Ներկարարը: Չվող տեսակներից այստեղ հայտնի են տափաստանային հողմավար բազեն, ճչան արծիվը և տափաստանային մկնաճուռակը: Կիրճում հազվադեպ հանդիպում է նաև Հայաստանի ամենարժեքավոր և վտանգված կենդանիներից մեկը` կովկասյան ընձառյուծը: Գնիշիկաձորի տարածքում հաշվվում են մոտ 10 տեսակի չղջիկներ, որոնք բնակվում են հիմնականում քարանձավներում: Դրանց մի մասը գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում:

Կիրճի հատակով կառուցված է ասֆալտապատ խճուղի, որը տանում է դեպի հայ ճարտարապետության մարգարիտներից մեկը` Ամաղուի Նորավանքը:

Շարունակելի…

 

Advertisements