«Հրաժեշտ այբբենարանին» հանդեսն իսկական տոն էր Կեչուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների համար: Նրանք ներկայացրին Մեսրոպ Մաշտոցին ու նրա կենսագրությունը, ապա հնչեցրին այբուբենի տառերը` իմաստուն խոսքերով, երգ ու պարով համեմված:
Շուտով կավարտվի ուսումնական տարին և փոքրիկներն արդեն տառաճանաչ են: Մանուկները երախտագիտությամբ հրաժեշտ են տալիս այբբենարանին, նրանց ոգևորությունը մեծ էր, իսկ ուսուցիչներն ու ծնողները` հուզված:
Փոքրիների միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը, 4-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և այլք:
Տնօրեն Ստեփան Ստեփանյանը հիացած էր միջոցառման մտահղացումներով և ոգևորված երեխաների ելույթներով: Վերջինս, շնորհավորելով առաջին դասարանցիներին տառաճանաչ դառնալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց դասվարին այս ամենը կազմակերպելու համար:
Այնուհետև ելույթ ունեցավ Արժանապատիվ Տեր Հայրը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.«Մարդու համար տառաճանաչությունը նույնքան կարևոր է, ինչքան երեխայի համար քայլելը: Այն պիտի օգնի երեխաներին, որպեսզի նրանք գիտության ասպարեզում մշտապես սնունդ ստանան»:
Վերջում Տեր Գալուստը, իր խոսքն ուղղելով ուսուցիչներին, ասաց, որ Դուք Մեսրոպ Մաշտոցի հետնորդներն ու գործի շարունակողներն եք հասարակության մեջ:
Վերջում աղոթք հնչեցվեց մեր երկրի խաղաղության և բանակի զորության համար:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու