«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում


«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում

Մայիսի 9-ին Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր մայիսյան մեր հաղթանակներին:

«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը, գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, աշակերտները և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա ելույթ ունեցան Արժանապատիվ Տեր Հայրը և Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկաները:

«Մենք և մեր հերոսները» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում

Վառ գունեղությամբ, գույնի բացառիկ հագեցվածությամբ կերտված աշխատանքներում մեր հերոսներն էին՝ սկսած Հայկ Նահապետից մինչև մերօրյա հերոսները:

Հնչեցին բազմաթիվ հիացական խոսքեր մասնակից երեխաների աշխատանքների մասին:

Ավելացնենք նաև, որ աշխատանքներ ներկայացրած սաներն առաջիկայում ուխտագնացության կգնան Մարտիրոսի Սբ. Աստվածածին եկեղեցի:

Այնուհետև ցուցահանդեսի մասնակիցները հոգևոր հայրերի առաջնորդությամբ գնացին Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ՝ ծաղիկներ խոնարհելու  զոհված ազատամարտիկների հիշատակին, ապա եկան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ:

Վերջում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայր Զարեհը:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements