Ջերմուկում տեղի ունեցան հիշատակի  արարողություններ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին


Ջերմուկում տեղի ունեցան հիշատակի  արարողություններ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Մայիսը համարվում է մեր ժողովրդի հաղթանակների ամիսը՝ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման ամիսը:

Ջերմուկում տեղի ունեցան հիշատակի  արարողություններ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Մայիսյան հաղթանակների առթիվ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի գլխավորությամբ  Ջերմուկի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև:

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում ասաց.«Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար մեծ հաղթանակների օր է: Եվ այն ոսկետառերով է գրված հայոց պատմության մեջ: Հատկապես Շուշիի գրավումը, որը կարևոր խթան եղավ Արցախյան գոյամարտի հաղթանակի համար: Եվ վստահ, որ Աստծո կամքով էր, որ այդքան հերոս տղաներ էին ծնվել հայ ժողովրդի մեջ: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորներն արժանի հետևորդներն են 90-ականների հերոսների»:

Այնուհետև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը երախտագիտության վկայականներ հանձնեց ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև դրամական աջակցություն փոխանցեց նրանց:

Քաղաքապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Մաղթում եմ որ մեր երկրի սահմանները միշտ լինեն ամուր, խաղաղ և անսասան: Իսկ դրա գրավականը մեր հզոր և մարտունակ բանակն է: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր բանակին, մեր սահմանին կանգնած զինվորին, ում շնորհիվ այսօր մենք կարող ենք արժանի պատասխան տալ թշնամուն, ում սխրանքների մասին այսօր խոսում է ողջ աշխարհը, և ում ապրիլյան հերոսական մարտերի մասին դեռ խոսելու և հիշելու է ողջ հայ ազգը: Խոնարվում եմ մեր բոլոր հերոսների, հայրենիքի համար իրենց կյանքը տված հայորդիների շիրիմների առաջ…»:

 

Advertisements