Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:
«…Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն
Հոր խոստմանը, որն ասաց. « Դուք ինձանից լսեցիք,
որովհետև Հովհաննեսը իսկապես մկրտեց ջրով,
բայց դուք մոտ օրերս մկրտվելու եք Սուրբ Հոգով»:
(Գործք1:4-5)
Համբարձումից առաջ Տերը այս պատգամն ավանդեց իր աշակերտներին և հավաստիացրեց նրանց, որ զորություն են ստանալու, երբ Սուրբ Հոգին իջնի իրենց վրա և որ իրենք լինելու են վկաները և′ Երուսաղեմում, և′ Հրեաստանում, և′ ողջ աշխարհում:
Եվ Պենտեկոստեի տոնը, որը հրեաների մեծ տոներից մեկն էր, համընկավ Հիսուսի հարության 50-րդ օրվան: Առաքյալներն ու իրենց հավատացյալ ընկերները, թվով շուրջ 120 հոգի մեկտեղ, միասիրտ հավաքվել էին վերնատուն կոչվող վայրում եւ սպասում էին մխիթարիչ Սուրբ Հոգուն։ Հանկարծ երկնքից ձայն լսվեց, ինչպես հողմի շառաչ եւ լցրեց ողջ վերնատունը։ Հավաքվածների վրա հայտնվեցին հրեղեն լեզուներ, ու նրանք լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին թելադրում էր նրանց։ Այդ օրերին Երուսաղեմում հոծ բազմություն կար հավաքված, եւ բոլորն էլ զարմացած էին այս հրաշքով։ Ոմանք հիանում եւ հավատում էին այս երեւույթի՝ հրաշքի, Աստծուց առաքված լինելու իրողությանը, ոմանք էլ այն վերագրում էին աշակերտների գինովությանը։ Սակայն Պետրոս աոաքյալը ժխտեց գինովության մեղադրանքը եւ բացատրեց, որ այս հրաշք երեւույթը Հովելի մարգարեության իրականացումն է, որի բերանով Աստված ասել էր. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա…»։ Պետրոս առաքյալը հրաշքից երկյուղած եւ զարմացած բազմությանը կոչ արեց փրկության համար ապաշխարել եւ մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Հազարավոր մարդիկ այդ օրը դարձի գալով՝ մկրտվեցին եւ հաստատ հավատով հետեւեցին առաքյալների ուսուցումներին։ Հիսուսի առաքյալներն ու այս նորադարձները դարձան Տիրոջ աոաջին՝ Երուսաղեմի եկեղեցու հավատացյալներն ու սպասավորները, որոնք, Սուրբ Հոգով լցված, համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում։ Մեր պատրիարքներից մեկն այս առիթով գրում է. «Սուրբ Հոգիին ներկայությունը իրեն սպասող առաքեալներու մեջ, ոչ միայն միացման կենդանի օղակը եղավ զանոնք իրարու միացնող, այլ նաեւ զիրենք բոլորը հանձնեց այն սկզբունքի մեջ, որ կյանքի գերագույն սկզբունքն է։ Սուրբ Հոգիին մեջ առաքյալները, իսկ իրենցմով բովանդակ եկեղեցին կը միանար ու կեղբայրանար, կը զօրանար ու կը միաձուլվեր, այն մեծ սկզբունքին մէջ, որ կյանքն է, ընկերության եւ հետեւաբար Աստուծո»։
Սիրելի′ հավատացյալներ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության 50-րդ օրը, երբ նրա խոստման համաձայն Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, անվանվեց հոգեգալստյան օր, տոն՝ Սուրբ Հոգու, տոն՝ հեղման շնորհացն եւ կատարելագործության, որը մեր եկեղեցին հիշատակում է այսօր։
Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության Աստվածության երրորդ անձն է եւ որպես այսպիսին ճանաչվում են նորկտակարանյան հայտնության մեկնման ներքո։ Սակայն Հին կտակարանը զերծ չէ Սուրբ Հոգուն վերաբերող արտահայտություններից եւ նրա ներկայությունից։ Ամբողջ Աստվածաշունչ մատյանը, առաքելական թղթերը, մեր եկեղեցու հայրերի գրվածքները գրվել են անմիջականորեն Սուրբ Հոգու ազդեցությամբ։ Հին ուխտի շրջանում Սուրբ Հոգին հրեական մտածողության մեջ ընկալվում է որպես միակ Աստծու զորությունը, որը, հայտնվելով հողմի կամ քամու ձեւով, իջնում էր ընտրյալ մարդկանց վրա, նրանց Աստծու խոսքն էր հաղորդում։ Հատկանշական է Միքիա մարգարեի խոսքը. «Բայց ես լցվեցի Տիրոջ Հոգու զորությամբ» (Միք. 3։8)։ Եթե ուշադրությամբ ունկնդրենք մարդուն, ապա կտեսնենք, որ «Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծնն. 1:2) Նոր ուխտում կան Սուրբ Հոգու շատ վկայություններ եւս. մխիթարող, իմացող, օգնող, շարժող, դրդող, բարեխոսող, վկայող, խոսող, գործող, պարգեւներ տվող, կյանք ընծայող եւ այլն։
Քրիստոնեական մտածելակերպում՝ Հոգին երկնային այգեստան է, շնորհ է, որ հիմնականում մկրտությամբ է տրվում։ Ճշմարիտ քրիստոնյա լինելը որոշվում է միայն եկեղեցու՝ Քրիստոսի ավանդներով հաստատված ծեսով՝ մկրտությամբ, որը մարդուն որդեգիր եւ անդամ է դարձնում Քրիստոսի եկեղեցու։ Մկրտությունը շնորհական ծնունդ է, որով մենք դառնում են երկնավոր որդիներ, դառնում Քրիստոսի ժառանգակից եւ Սուրբ Հոգու տաճար։ Մի խոսքով, մկրտվել նշանակում է մաքրվել։
Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, հաստատեց մկրտության խորհուրդը, որպեսզի իրեն հավատացողները մկրտվելով սրբվեն, մաքրվեն ադամական մեղքից եւ հոգեւոր իմաստով վերստին ծնվեն՝ Սուրբ Հոգու շնորհներն ստացած, որպեսզի, ինչպես ասացի, անդամակցեն Քրիստոսի խորհրդավոր մարմնին՝ եկեղեցուն, եւ կարողանան ժառանգել երկնքի Արքայությունը։
Մկրտության խորհուրդը փրկագործությունն ու սրբագործությունն է, որը եւ Սուրբ Հոգու ներգործող զորությամբ, քահանայի զորավոր աղոթքներով է տեղի ունենում։ Սուրբ Հոգին իր գալստյամբ լցվում է մկրտվողի մեջ եւ զորացնում ու մաքրում նրա զգայարանները, մարմինը՝ չարից, մեղքից, որը եւ վերստին ապրեցնում ու հոգեւոր վերափոխման է մղում նրան։ Ահա թե ինչպես էր ավետարանում կարեւորվում մկրտության խորհուրդը, «…եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել» (Հովհ. 3։3)։
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքը եւս մկրտվեց Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչի կողմից եւ այդ ժամանակ է, որ հստակորեն հայտնվեց եւ արտահայտվեց Սուրբ Երրորդությունը իր ողջ փաոքով՝ իր որդուն նվիրագործող Հայրը, շնորհաբաշխ աղավնակերպ Սուրբ Հոգին եւ Փրկիչ Որդին։ Ահա, թե ինչու ենք մկրտության ժամանակ երգում. «Երկնւսոաքեւսլ Աղավնին բարձրաձայն հնչմամբ իջավ Աստծուց, փայլուն լույսի նմանությամբ, անսպաո կրակով զինեց աշակերտներին, երբ նստած էին վերնատանը» (Մաշտոց)։
Սուրբ Երրորդությունը մի աստվածություն է, որտեղ երեք անձերն էլ՝ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավասարազոր են։ Ահա այս ընդունումը կամ հաստատումը քրիստոնեական աստվածաբանության հիմքն է հանդիսանում։ Ինչպես Սուրբ Աթանասն է ասում. «Եռյակը մեկ Աստված է։ Եռյակի հետ ոչինչ չի խառնված, այն անբաժանելի է, հավասարազոր եւ հաստատուն»։ Այս հաստատուն եւ անբաժանելի Սուրբ Երրորդության անունով մկրտվելը Տերը մեզ պարգեւեց մեղավոր մարդու փրկության վերականգնման համար, «Աշակերտեցեք եւ ապա մկրտեցեք հանուն Հոր, եւ Որդու եւ Սուրբ Հոգու»։
Սիրելինե′ր, Սուրբ Հոգին ինչպես եւ Հայրն ու Որդին իր ստորոգելիներն ունի. սուրբ է, նիկիական հանգանակով ասում ենք «Անեղ եւ կատարյալ», որը խոսում է նրա աստվածային ու կատարյալ լինելու մասին։ Սուրբ գրքերի մեջ Հայր եւ Որդուն տրված ստորոգելիները հավասարապես ընծայվում են նաեւ Սուրբ Հոգուն։ Այդ գրքերում Սուրբ Հոգին բնութագրվում է իբրեւ բարություն, ամենագիտություն, ամենուրեքություն,արարչություն, ամենակարողություն եւ այլն։ Այս ամենը, աստվածային գործերը, պաշտոնները, ի վերջո Հիսուսի քարոզությունը Սուրբ Հոգու մասին վստահեցնում են մեզ դավանել Սուրբ Հոգուն իբրեւ Աստված։
Հոգին Սուրբ իմաստության եւ զորության ներգործությունն է մեր մեջ, սիրո, բարության, կատարելության, հավատքի բաշխողը մեզ։ Այսպիսի շնորհներով օժտված հավատացյալը անպարտելի է։ Օրինակ՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի նահատակության ժամանակ նրա մարմինը սպանեցին, իսկ Սուրբ Հոգով ոսկեզոծ հոգին չկարողացան, որովհետեւ Ստեփանոսը «այր էր լի հավատով եւ Սուրբ Հոգով»։ Մեր Սուրբ հայրերը Սուրբ Հոգու ներշնչանքով անսահման հավատով գրեցին մեր եկեղեցու հավատամքի՝ Նիկիական հանգանակի կանոնները։ Մեր Սուրբ անապատականները Սուրբ Հոգու ազդեցությամբ էր, որ հաղթահարեցին չարի հրահրած բազում փորձությունները, արժանացան երկնային անվախճան Արքայությանը։ Սուրբ Հոգով առլեցուն՝ Թադեոս եւ Բարդուղեմիոս առաքյալները դարձան ճարտարապետները մեր Սուրբ եկեղեցու։ Սուրբ Հոգու շնորհներով օժտվելով է, որ մենք ճշմարիտ մարմին եւ անդամ ենք դառնում մեր Սուրբ եկեղեցու։ Սակայն, ցավով պետք է ասել, որ Տիրոջ տեսիլքով եւ առաքյալների հաստատությամբ հիմնված մեր եկեղեցուց այսօր ոմանք հեռացել են։ Իսկ ովքե՞ր են նրանց մոլորեցնողները, նրանց ճշմարիտ փրկության ճանապարհից եւ Աստծու հետ անմիջական հաղորդակցությունից շեղողները։ Դրանք, անտարակույս, քրիստոնեական ավանդություններից զուրկ աղավանդավորական շարժումների հետեւորդներն են, հայի հոգուն օտար գաղափարներով տոգորված կեղծ քարոզիչները, որոնք, մոլորեցնելով հավատացյալներին, սպանում են յուրաքանչյուրի համար ամենակարեւորը՝ հոգին։ Այն որ, ճշմարիտ է մեր եկեղեցին, վկայվում է, ինչպես նկատեցինք, առաքելական Սուրբ հաստատմամբ եւ Հիսուս Քրիստոսի տեսիլքով հիմնավորված լինելու իրողությամբ։ Մի՞թե այս ճշմարտություններից ավելի հզոր են կեղծ քարոզիչների երերուն ու մեղսալից գաղափարները։ Մեր Տերը 2000 տարի առաջ այսպես բնորոշեց նրանց. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ոչխարների հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են»։
Աստծու տուն՝ եկեղեցի գալով է հայ հավատացյալը ստանում Սուրբ Հոգու շնորհներն ու զորությունը՝ նվիրագործված մեր եկեղեցու խորհուրդներով ու ավանդությամբ։ Ահա այս ներքին զգացողությունը ջնջում է թե տարածություն եւ թե ժամանակ, ու հավատավոր հոգին հառնում է՝ վերանալով աստվածաստեղծ անսահմանության մեջ։
Սիրելի′հավատացյալներ, առանց բարոյական եւ հոգեւոր արժեքների գնահատման, առանց Սուրբ Հոգու շնորհների, մարդը դառնում է խավարամիտ, մութ էակ, իսկ, գիտակցելով իր հոգեւոր կյանքի կարեւորագույն նշանակությունը ու ընդունելով իր մեջ Սուրբ Հոգու շնորհները, մարդը լուսավորվում է ամենայն իմաստությամբ, գիտությամբ, սիրով եւ հավատքի հաստատակամությամբ։ Այսօր Սուրբ Հոգու գալստյան հիշատակության օրը, համոզված լինելով առաքյալի այն խոսքերի իրողությանը, թե. «Որոնք որ Աստծու հոգիով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներն են» հոգեպես եւ բարոյապես մաքրենք մեր անձը, մեր սրտերը, որպեսզի պատրաստ լինենք ընդունելու շնորհաբաշխ Սուրբ Հոգին՝ առաջնորդվելու համար նրանով, որպեսզի Աստծու որդիները լինենք եւ միշտ քայլենք նրա կենարար լույսի մեջ։ Յուրաքանչյուրս մեր ողջ էությամբ այս աստվածային լույսով լուսավորվելու եւ Սուրբ Հոգու շնորհներին արժանանալու համար աղոթենք եւ փառք տանք Աստծուն, ասելով՝ Փառք քեզ Աստված հավիտենական, որ Սուրբ Հոգու շնորհները հեղեցիր քո արարածների վրա, փառք քեզ։ Ամեն։
Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան
Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ
Քարոզ՝ խոսված Եղեգնաձորի
Սուրբ Աստվածածին եկեղեցում
15.05. 2016թ.