Մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ  Սպիտակավորի Սուրբ Ստվածածին եկեղեցում


Մայիսի 14-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հավատացյալներն ուխտագնացության էին եկել Սպիտակավորի Սուրբ Ստվածածին եկեղեցի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քհն. Արշակյանը:

Արժանապատիվ Տեր Հայրը Սբ. Պատարագի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև Հոգեհանգստյան կարգ կատարվեց ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի գերեզմանին:

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Լեռնահայաստանի խաղաղ անդորրը: Նա մահացավ Ռուսաստանի Վլադիմիրի քաղաքի բանտում և մոտ 30 տարի մնաց այնտեղ թաղված: 1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան:

Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987թ. հանգրվանում է  Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ:  1987-ից սկսած ամեն տարի հունիսի 17-ին, բազմաթիվ նվիրյալ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:

Սպիտակավորի հոգևոր  վեհաշուք  մթնոլորտը ջերմեռանդությամբ լցրեց ուխտավորների հոգիները,  և նրանք առավել հաղորդակից լինելու համար  իրենց նախնիների ժառանգությանը, այնտեղից բարձրացան Պռոշաբերդ:

Մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ  Սպիտակավորի Սուրբ Ստվածածին եկեղեցում

Այդ ուխտագնացությունը վառ ու անմոռանալի զգացումներ պարգևեց ուխտավորներին, որոնք դեռ երկար կմնան նրանց սրտերում:

Թեմի լրատվության բաժին 

 

 

 

Advertisements