Վայոց Ձորի թեմ

ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Advertisements

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ա. Ւնչպես որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով՝ տառապեցնում է, երկրորդը՝ անվրդով խաղաղությամբ հանգստացնում:

Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ: Քանզի սկիզբն անարգ նյութից է, ծնունդը՝ ցավերով, ապրելը՝ տառապանքով, իշխանությունը՝ անօգուտ, փառքը՝ վաղաթառամ, կյանքը՝ կարճատև, մահը՝ հարկադիր, մարմինը՝ ապականացու և որդերի կերակուր: Այս բոլորից և այլ բաներից ևս մարդ դյուրավ կարող է իր բնության թշվառ լինելը հասկանալ և խոնարհ դառնալ:

Բ. Ճշմարիտ խոնարհ չէ նա, ով միայն խոսքով է իրեն անպիտան խոստովանում, բայց նույնն ուրիշից լսելով՝ վրդովվում, խոժոռվում ու բարկանում: Այստեղից պարզ է, որ այդպիսին ավելի հպարտ է, քան խոնարհ, քանզի խոնարհ խոստովանությամբ կամենում է մարդկանցից գովեստներ ստանալ ու փառք որսալ: Դեռ ավելին՝ ստախոս ու կեղծավոր է, որովհետև լեզվի վրա  մի′ բան ունի, իսկ սրտում ուրիշ բան է խորհում և որպես խարդախ ոսկեգործ` ոսկու փոխարեն արույր է ջանում գործածել:

Գ. Խոնարհը բարի ու շատերին օգտակար գործը սովոր է ծածուկ անել՝ գովությամբ չհռչակվելու համար, քանզի Տիրոջից է ակնկալում հատուցումը ստանալ: Ւսկ հպարտը, մի փոքր բարի գործ որ անում է, ցանկանում է հրապարակել, որպեսզի մարդկանցից գովեստներ ստանա՝ իբրև իր գործերի վարձ, ուստի և Տիրոջից վարձատրություն չի ստանում: Խոնարհը եթե իր մասին գովեստ է լսում մեկից, ամաչում ու տրտմում է, իսկ հպարտը գոռոզանում ու բերկրում է  և կամենում է′լ ավելին լսել:

Դ. Քանի որ խոնարհությունը բարի է, ոչ ոքի միջև խտրություն չի դնում, այլ բոլոր իրեն սիրողներին էլ ընդունում է. որովհետև բարուն է հատուկ սեփական բարությանն ամենքին հաղորդ դարձնել: Խոնարհությունն ասես մաքուր ադամանդ է, որ գիշեր ու ցերեկ փայլում է. իրենց վիճակից գոհ և ամենակարևոր բաներով բավարարվող աղքատների մեջ շողշողում է, բայց աղոտալույս, իսկ ազգօգուտ գործերով հարստացող ունևորների մեջ, որպես քաջարվեստ ակնագործի կողմից բազում անկյուններով տաշված ադամանդ, ցոլում է մեծ պայծառությամբ և ամենքի աչքը դեպի իրեն գրավում:

Ե. Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի, իր ունեցած առավելոլթյունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել՝ դրանք շտկելու համար, որով է՛լ առավել է արժանանում Աստծո շնորհներին:

Զ. Թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի հիմարություն, կամ կամքի թյուրություն, այլ թող ճշմարտապես իմանա, որ խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է:

Քանզի անարին, հիմարն ու մոլին երբեք չեն կարող խոնարհվել, որովհետև ամենքը չէ, որ կարող են ունենալ այնքան մեծ զորություն, որ հաղթեն հպարտության ու բարկության անբան կրքերին և հեզ ու խոնարհ դառնան: Ուստի ով ամենքի առաջ կամովին խոնարհվում է, զորեղ, իմաստուն ու բարի է: Եվ ընդհակառակը՝ անզոր, հիմար ու մոլի է, ով խոնարհություն չունի, որովհետև չի կարող իր մոլեկան կրքերը նվաճել և կյանքի պատերազմական դաշտում խոնարհության հաղթանակը շահել:

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Օգտագործված գրականություն

Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի, Խրատի թանգարան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2011թ., էջ 208-209:

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements