Հայ Եկեղեցու դերը հայ ինքնության  կերտման և պահպանության գործում


Հայ Եկեղեցու դերը հայ ինքնության  կերտման և պահպանության գործումՀայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի ազգային ինքնության և պահպանության գործում լավագույնս երևում է հայ ժողովդի կողմից Հայոց Եկեղեցու տրված ազգային եկեղեցի բնորոշման մեջ:

Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգևոր դրոշմը դնելու հոգևոր մի նոր փայլ հաղորդել ազգային արժեքներին: Այս իրողությունը նկատի ունենալով է, որ Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:

Հայոց Եկեղեցին ազգային է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ մեր եկեղեցու հավատացյալների գերակշիռ մասը հայ ժողովրդի զավակներն են, այլև որովհետև սերտորեն միահյուսված է հայ կյանքին, հավաքական արտահայտությունն է հայ միջնադարյան արվեստի, դպրության, և ներառել է անգամ նախաքրիստոնեական շրջանի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին և շարունակեցին կենցաղավարել նոր վարդապետության շրջանակում: Այսպիսով, Հայոց Եկեղեցին ժամանակային առումով ներկայացնում է հայոց պատմության ողջ ընթացքը, իսկ տարածական առումով հայկական ողջ  լեռնաշխարհը և հայկական գաղթավայրերը:

Ինչպես գրում է մեր եկեղեցու նոր շրջանի հոգևորականներից Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը. <<Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ>>:

Պատահական չէ, որ հայ կյանքում ամենամեծ ընդգրկումը և ներկայացուցչությունը ունեցել են այն ժողովները, որոնք գումարվել են երկրի աշխարհիկ ու հոգևոր իշխանների մասնակցությամբ, և ինչպես մեր պատմիչներն են գրում, նման ժողովներն անվանվել են աշխարհաժողովներ:

Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր և մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի և Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին և Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային և նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում: Continue reading

Advertisements