Վարդանանց պատերազմի 1565-ամյակին նվիրված հիշատակի արարողություններ Վայոց ձորում


Վարդանանց պատերազմի 1565-ամյակին նվիրված միջոցառում Վայոց ձորում

Մայիսի 26-ին «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի  ՊՄՊ  Վայոց ձորի մարզային ծառայության և Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հիշատակի արարողություններ՝ նվիրված Վարդանանց պատերազմի 1565-ամյակին:

Ինչպես գիտենք, 451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար:

Չկարողանալով հաղթել՝ հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Վարդանանց հիշատակի արարողություն կատարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Աբգարյանը, ՊՄՊ  Վայոց Ձորի մարզային ծառայության  պետ Մելանյա Դովլաթյանը, ՊՄՊ  Վայոց Ձորի մարզային ծառայության,  Վայոց ձորի թեմի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները, թեմի Երիտասարդաց միության անդամները և այլք:

Այնուհետև եկեղեցում հավաքվածները երթով գնացին Քյոշքի բլուր, որը որպես անառիկ բերդ գոյություն է ունեցել մ.թ. ա. 2-1-ին հազարամյակներում, որը Սյունյաց աշխարհի ամենահին շինություններից մեկն է և համարվում է Կիկլոպյան ամրոց:

Քյոշքի բլուրից իջնելով՝ ուխտավորները մեկնեցին Շատին համայնքի եկեղեցի, որը նվիրված է Վարդանանց նահատակների հիշատակին:

Մոմավառությունից հետո մեկնեցին Հոստոնի եկեղեցի, Արտաբույնքի Սուրբ Նահատակաց մատուռ:

Վերջում Արտաբույնք համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ <<Ճանաչենք 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակները>> խորագրով միջոցառում,  որը կազմակերպվել էր «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կողմից:

Վարդանանց պատերազմում Վայոց ձորում նահատակվածների հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողները ներկայացրին 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակների մասին հետաքրքիր տեղեկություններ:

Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երաժշտական կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՊՈԱԿի  ներկայացուցիչ պարոն Արմեն Աբգարյանը և Արտաբույնք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանը:

Կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել Վարդանանց պատերազմի 1565-ամյակին նվիրված հիշատակի արարողություններին, ուստիև տրամաբանական էր, որ աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառումների ավարտից հետո:

Վարդանանց ոգով մենք ի զորու ենք հրաշքներ գործել: Վարդանանց ոգու փայլատակումով այդպիսի հրաշք արձանագրվեց նաև 2016թ. Արցախում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Թող Սուրբ Վարդանանց բարեխոսությամբ մեր ժողովուրդն ապրի  խաղաղության մեջ և Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի նրանց վրա:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements