
Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Վարդանանց հերոսամարտի մայիսյան այս օրերին նշենք, որ Վարդանանց հերոսամարտի կարեւորագույն անցքեր տեղի են ունեցել այսօրվա Վայոց ձորի մարզի տարածքում: Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Վարդանանց ճակատամարտի ավարտին մասնակիցները կռիվ տալով բարձրանում են Վայոց ձորի լեռները` Եղեգյաց ձոր–Արտաբույնք–Ցախաց Քար ուղղությամբ` մարտեր տալով նահանջում են դեպի Արցախ:
Հայր սուրբի խոսքերով՝ կատաղի մարտեր են ընթացել «Քյոշք» ամրոցի մոտ, որը գտնվում է թեմի առաջնորդանիստ ս. Աստվածածին եկեղեցու կողքին: Հերոսամարտին մասնակցել է Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը:
«Սարդարապատի հերոսամարտի օրերին էլ Վայոց ձորի տարածքում եղել են ինքնապաշտպանական մարտեր, որի ժամանակ ակտիվորեն մարտնչել են տարածաշրջանի այն ժամանակվա հոգեւոր հովիվները: Հոգեւորականները միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել ազատագրական շարժումներին, անգամ շատ պատերազմական իրավիճակներում ազատագրական շարժում է կազմակերպել եկեղեցին: Տեղին է վկայակոչել Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հոգեւորականներից կազմված մահապարտների գունդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Աղթամարի միաբանությունից: Նրանց օրինակ ունենալով՝ մեր նորօրյա հոգեւորականությունը Արցախյան պատերազմի այս օրերին կրկին իր ժողովրդի կողքին է, առաջին գծում՝ իր աղոթքով, իր խաչով ու զենքով»,-նշեց հայր Սուրբը` ավելացնելով, որ այդպես եղել է, այդպես լինելու է մինչեւ մեր ազգային նպատակների վերջնական իրականացում եւ հաղթանակ: Continue reading →