Վերջին զանգի միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


Վերջին զանգի միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Մայիսի 27-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Առավոտյան դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը և  ուսուցիչները շնորհավորեցին շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ, ապա տոնական օրվա առթիվ իրենց սիրելի ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցին 12-րդ դասարանի աշակերտները:

Այնուհետև դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետարանից և Մալիշկայի համայնքապետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ.-ին Արցախում Քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակը, ապա գեղեցիկ ելույթներով  հանդես եկան Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզի սաները՝ ղեկավարությամբ տնօրեն Լուսինե Պողոսյանի:

Վերջին զանգի միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Դասղեկ Աղասի Հակոբյանի  նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով:

Հանդիսությանն աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որն ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների համար, ուղեկցել է դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ հայ ազգն աշխարհին է ներկայացել զորեղ ոգով և մտավոր ներուժով:

Հնչում էր վերջին զանգը՝ վերջին ղողանջը այն ջերմ կրթօջախի, որը ջանադրաբար գիտության սերմեր է տարածել շրջանավարտների հոգում, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ վեհության գիտակցումով է նվիրաբերվել իր առաքելությանը, որտեղ գիտելիքը լույս է առկայծում, իսկ միտքը՝ թռիչք, և այս երկուսի համադրությամբ էլ ձևավորվում է անձը՝ պետության վաղվա քաղաքացին:

Վերջին զանգի միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար,  որը կօգնի  կյանքի դպրոցում ավելի խոհեմ և առաջադեմ լինել:

Միջոցառման ավարտին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները շնորհավորեցին շրջանավարտներին:

Վերջին զանգի միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Վերջում դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, բարի երթ մաղթելով շրջանավարտներին, այն համոզմունքն հայտնեց, որ մեր հայրենիքի ապագան գտնվում է ուժեղ, ամուր և կրթված մարդկանց ձեռքերում, իսկ ապրիլյան դեպքերը դրա վառ ապացույցն են:

Այնուհետև մարզպետարանի ներկայացուցիչն ընթերցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ, ապա շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին Մալիշկայի համայնքապետարանի ներկայացուցիչը, դասվար Էվելինա Յոլչյանը, դասղեկ Աղասի Հակոբյանը, ուսուցչուհի Թերեզա Աղաջանյանը և շրջանավարտների ծնողներից Լուսինե Պողոսյանը:

 Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements