ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,

քան այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»:

Սրբազան առաքյալի քարոզած այս լուսավառ Հիմքն է` անսասան Պատվանդանը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնարկեքի այս ավետիսը` խորհրդանիշ տոնն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սուրբ Էջմիածինը` Աստվածային Հայտնությամբ պայծառակերպված Աստուծո տան հիմնադրությունն է մեր նշխար հողի վրա: Այն Խոր Վիրապում անպատմելի տառապանքներ կրած Սուրբ Լուսավորչի  տեսիլքի իրականացումն է, տեսի’լք, որին արժանացրել էր Արարիչը Իր մշտակա ներկայությամբ և զորությամբ, տեսի’լք, որ փոխանցել էին իրեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, տեսի’լք, որ իրագործվեց Աստվածային նախախնամ լույսով. «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա… », և կերտվեց մեր լուսո Սբ. Խորանը. «Եկայք շինեսցուք Սուրբ զխորանն լուսոյ »: Ահա այս Աստվածաէջ Սբ. Խորանից լուսավորվելով մեր ազգը` դարձավ ճշմարիտ Աստուծո ուխտյալ ժողովուրդ և վերափոխվեց` դառնալով խաչակիր ժողովրդի: Այս պահից է, որ մեր ժողովուրդը ուխտեց ապրել Աստվածային պատվիրաններով ու քրիստոնեական առաքինություններով, մեզ հայտնված բարձրագույն կյանքի չափանիշներով: Այս մեծագույն առաքելությամբ է մեր Սբ. Եկեղեցին առաջնորդել մեզ իր հիմնադրման օրից, անխափան շարունակում է այն այսօր և շարունակելու է իր Աստվածային և ազգապահպան այս առաքելությունը հավիտենաբար:

Սբ. Էջմիածինը իր հիմնադրումով, Իր պատմությամբ, Իր առաքելությամբ անխախտ ներկայություն է մեր ազգային կյանքում: Սբ. Էջմիածինը տեսիլքի, անսահման սիրո և զոհողության ծնունդ է: Մեծ տեսանող էր Լուսավորիչ, որն արդեն Խոր Վիրապի մեջ տեսնում էր Հայոց փրկությունը և իր մտքով սավառնում էր Վաղարշապատի այն վայրի վրա, ուր պիտի իրականանար իր ազգի փրկության ծրագիրը և Աստվածային տեսիլքը պիտի շողարձակվեր: Տեսիլքը` Աստուծո հայտնությունն է մարդուն, որով մարդկային հոգին տարրանում է հավիտենականին ու զորանում: Ու այս զորությունն ունենալով իր տառապանքների ու ցավերի մեջ` չընկճեց Կաթողիկեի հիմնադրին: Մեր Եկեղեցին տեսիլքի ծնունդ է, սակայն գերագույն սեր էր պետք տեսիլքով գոյավորվածը հիմնավորելու: Մեր Տերը, տեսնելով մեր ազգի ներսում քողարկված լույսը, Սբ. Գրիգորի անբեկանելի սերն ու անկոտրուն հավատը, Հանուն Իր կրվող տառապանքների, չարչարանքների, նրա աղոթք դարձած հոգին, իբրև Իր գերագույն սիրո արդյունք, Իր տունն հիմնադրեց, Իր Թագավորության ներկայությունը հաստատեց Հայոց հողում:

Մեր Եկեղեցին Սիրո ծնունդ է:

Ողջ տիեզերքը և մենք արդեն ստեղծվել ենք իբրև արդյունք Աստվածային Սիրո և Հիսուս մեզ բերեց այդ սերն ու հատկապես՝ ամուր եղբայրասիրությունը: Այս սերը միավորող է, միաբանող է, Աստվածահաճո է, քանզի. «Ձայն բազմաց, ձայն Աստուծո»: Այս սիրո վրա հիմնված միաբանությունն է հավերժ ու Աստվածօրհնյալ: Այս սերն է հիմքը, վեմը մեր սրբազան եկեղեցու և այս սերը, մեր հոգիներում ապրեցնելով, իրապես հաղորդակցվում ենք Քրիստոսին, զորացնում Նրա հետ մեր միությունը ու վերանորոգում մեր ուխտը Նրա հետ: Տեղին է նշել, որ խորհրդաբանորեն եկեղեցու սյուները առաքինություններն են, իսկ նրանց միացնող կամարները՝ Սերը: Այս կամարակապ միությամբ միայն կարող ենք ներդաշնականորեն ապրել Աստուծո հարկից ներս. «Քո անունը սիրողները կբնակվեն նրա մեջ»,- ասում է սաղմոսերգուն:

Մեր Եկեղեցին զոհողության ծնունդ է:

Եթե չլիներ մեծագույն զոհողությունը Լուսավորչի, որը կրում էր հանուն մեծագույն սիրո և նվիրումի՝ կփշրվեր լուսեղեն տեսիլքը մեր փրկության ու կանէանար երկինքներում: Եթե մեր իմաստուն ժողովուրդը պայքարի չելներ վասն հայրենյաց և վասն եկեղեցվո, կփոշիանար մեր ազգային ինքնության ինքնագիտակցությունը, որը մեր փրկության ու պայքարի ճանապարհն առաջնորդող անշեջ ջահ է:

Սիրո պտղաբերումը զոհողությունն է, որով իմասավորվում է սերը: Այս զոհողության ոգին չպակասեց մեր եկեղեցուն և նրա հիմնադրումը եղավ արյան, մաքառման, պայքարի խաչի մի երկար ճանապարհ, որն ի վերջո պսակվեց հաղթանակով:Այսպիսով, տեսիլքով հղացված, Սիրով ճարտարապետված Աստուծո տունը զոհողությամբ և ազատումով անշարժ Վեմից ծաղկազարդվեց ու սյդտեղից վեր խոյացավ Հայոց Հոգու և փրկության տաճարը, որը քրիստոնեական ոգին միացրեց հայի հոգուն, ու հայը դարձավ հայ քրիստոնյա, ունեցավ իր հավերժական տեսիլքը, և իր իդեալների իրականացումն ու բյուրեղացումը տեսավ, իր ազգային եկեղեցու մեջ, ինչպես պատգամում է Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Հայրապետը«Հավատքի անսասան վեմ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին հայ հոգու ծննդավայրն ու պատվարն է, փրկության տապանը, որ Ավետարանի լույսով և հայրենի ավանդներով սնում, նորոգում ու զորացնում է ազգային մեր կյանքը, կերտում միության մեր տաճարը»: Ահա այս տաճարը՝ Սիրո և զոհողության խորհրդով եղավ ոսկեթել պատմուճանը հայ կյանքի, հայ դպրության, հայ մշակույթի և մեր ժողովրդի միասնականության պայքարի ու հաղթանակի:

Սիրելի՛ միաբանակից եղբայրներ, մեր Սբ. Եկեղեցու հզորության կարևոր նախապայմաններից է մեր համախմբվածությունը, մեր ուժը մեր միությունն է, հավատարմությունն ու անմնացորդ սերը, մեր զոհողության ոգին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի մշտագո զորությունից՝ «Հալին մեղք, ջնջին յանցանք, խորտակին շղթայք, բժշկին հատուածք, տեղի տան տխրութիւնք, փախնու խաւարն, մեկնի մէգն և վերանայ մութն… »:

Խորհրդավոր այս պահին՝ Միածնաէջ Սբ. Խորանի դիմաց եկել ենք վերանորոգելու մեր ուխտը տրված այստեղ՝ բոլորանվեր ծառայելու Ամենակալ Աստծուն և հայկազյան մեր ազգին: Հավատի այս օթևանում, ուր Աստվածային ներկայությունն ենք զգում անգամ մեր ավշով առավել պարտավորված ենք դառնում նախանձախնդիր լինելու մեր սրբազան առաքելության մեջ:

Մեր միությունն ու եղբայրասիրությունն է մեր փառահեղ եկեղեցու անսասան միաբանության հիմքը նաև: Վստահ եմ, որ միասնականորեն ջերմագին աղոթք են հիմա առաքում մեր սրտերն առ Աստված՝ օրհնություն և խաղաղություն ակնկալելով Նրանից. «Որքան բարի, որքան վայելող է, որ եղբայրները բնակվում են միասին, այնտեղ պատրաստեց Տերը օրհնություն»,- կրկին ասում է սաղմոսերգուն: Աստվածային Օրհնությամբ առլեցուն ընթանանք մեր խաչի ճանապարհով հաղթական ու մեր նշանաբանը թող լինի Եզնիկ Կողբացու իմաստուն խոսքերը. «Հնազանդվիր սիրով, աղոթիր հույսով, աշխատիր հավատով»: Միայն այսպես կպայծառակերպվի գալիքի մեր տեսիլքը, սիրով և զոհողության ոգով առավել կզորանա մեր միաբանությունն ու կարժևորվի, իմաստ կզգենա մեր Սբ. Եկեղեցվո առաքելությունն այս կյանքում, որի անսասան հիմքը Քրիստոսն է, ճարտարապետները՝ Սրբազան առաքյալներն ու Լուսավորիչ և մեր Սբ. Նախնիք: Թող ուխտի մեր Սբ.Պատարագն ու աղոթքը ընդունելի լինի մեր Տիրոջ կողմից: Թող Ահարոնի ծաղկյալ գավազանով Վեհափառ Հայրապետը հովվի աշխարհասփյուռ հայությանը և գահակալության երկայն տարիները թող հաջորդեն իրար՝ արդյունավորելով նորանոր իրագործումներով: Թող Տերը զորացնի մեզ Սբ. Հոգու երկնառաք շնորհներով, որ լինենք աննահանջ ու հաղթող ասպետներն Իր, Իր Սուրբ Եկեղեցու և հայրապետական գահի ու թող Պահի, Պահպանի մեզ Ամենակալ Տերը անխռով և միաբան. «Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս և զեղբայրութիւնս մեր ամբողջ և անխռով ի կամս ողորմութեան Քո…» և Քեզ վայել է Փառք, Իշխանություն և Պատիվ. Ամեն:

Զարեհ վրդ. Կաբաղյան

Քարոզ՝ խոսված Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին
միաբանական ուխտի Սբ. Պատարագի ժամանակ, 2011թ.

 

 

Advertisements