Վերջին զանգի միջոցառում Ջերմուկի կրթահամալիրում


Վերջին զանգի միջոցառում Ջերմուկի կրթահամալիրում

Առողջարանային Ջերմուկ քաղաքի կրթահամալիրում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ.-ին Արցախում Քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս հայորդիների հիշատակը:

Միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար:

Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Հայրը, ով շնորհավորեց շրջանավարտների Վերջին զանգի առթիվ՝ ցանկանալով, որ Վերջին զանգի ղողանջների ավետումը լինեն այն նոր ու բաղձալի հաջողությունների սկիզբը, որոնց նրանք նպատակադրել են հասնել ապագայում:

 «Ձեր սրտերում միշտ վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով»,- ասաց Տեր Գալուստը:

Այնուհետև ելույթ ունեցավ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզՎերջին զանգ”-ի կապակցությամբ: Ուսումնառության ավարտը խորհրդանշող այս միջոցառումը, ըստ էության ձեր կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկն է, որին հաջորդելու է կյանքի առավել հասուն և գիտակից մի փուլ: Ես մաղթում եմ, որ ձեր կյանքի այդ նոր փուլում յուրաքանչյուրիդ ուղեկցի հաջողությունը, որ գտնեք ձեր տեղը կյանքում, դառնաք գրագետ, խելացի և արժանի քաղաքացիներ ձեր երկրի համար՝ հետագայում նաև ունենալով ձեր ներդրումը մեր պետության զարգացման գործում: Մաղթում եմ ձեզ բարեկեցիկ և լուսավոր ապագա՝ խաղաղ և ապահով երկրում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը:

Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Թեմի լրատվության բաժին

 

 

Advertisements