Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

 ԿԻՐԱԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ

Կիրակոս ճգնավորը Դավիթ կրոնավորի աշակերտն էր: Նա ճգնում էր Արտազ գավառի Սանատրուկ լեռան վրա, Շավարշավան գյուղաքաղաքի մոտ (Պարսկահայք նահանգ):

Ավանդությունը պատմում է, որ մի գիշեր նա տեսիլք տեսավ, բլրի վրա լույս ծագեց և լույսի մեջ ոսկյա աթոռ երևաց, որի վրա նստած էր Թադեոս առաքյալը, իսկ նրա երկու կողմերում՝ յոթ լուսեղեն այրեր՝ նրա աշակերտները: Նրանցից մեկը Զաքարիան էր: Այդ ժամանակ Թադեոսի մոտ մի կույս եկավ՝ թագը գլխին: Կույսը սրբուհի Սանդուխտն էր: Նրանք Կիրակոսին հայտնեցին իրենց նշխարների տեղը: Կիրակոսը, արթնանալով, տեսիլքի մասին պատմեց Շահեն եպիսկոպոսին, որը նրան Սամվել անունով մի քահանայի հետ ուղարկեց այնտեղ, ուր պետք է գտնվեին նշխարները: Նրանք վիմի մեջ գտան առաքյալների մարմինները, իսկ մոտակայքում՝ նրա երկու աշակերտների նշխարները: Գտնվեց նաև այն տապանը, ուր Սանդուխտ կույսի նշխարներն էին:

Նշխարների գյուտի համբավը տարածվեց ամենուրեք: Սրբազան վայրում հավաքվեց մարդկանց բազմությունը, և այն դարձավ ուխտատեղի: Այս պատմության մասին հաղորդելով, «Հայսմավուրքը», սակայն ստույգ չի ներկայացնում դեպքերի ժամանակաշրջանը, այլ նշում է հիշատակի օրը՝ մայիսի 30-ը, նաև այն փաստը, որ նշխարների գյուտը եղավ մարզպան և սպարապետ Վահան Մամիկոնյանի ժամանակ:

Իսկ դա 5-րդ դարն է:

 

Օգտագործված գրականություն

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք, Ս. Էջմիածին, 1999թ.

Advertisements