Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

 ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինքՎահան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ ազատագրական շարժումների հերոսներից է, Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի ավագ որդին:

Ավարայրի ճակատամարտից հետո, երբ ուխտապահ նախարարների նկատմամբ հալածանքները խիստ ուժեղացան, Վահանին և նրա երկու եղբայրներին (Վասակին ու Արտաշեսին) Վասակ Սյունին որպես պատանդ ուղարկեց Տիզբոն:

Սական վրաց Աշուշա բդեշխի միջնորդությամբ, որը Մամիկոնյան տան հետ խնամիական կապեր ուներ, նրանք ազատվեցին պատանդությունից:

Անցան տարիներ: Սկսվեց խմորվել ապստամբական նոր շարժում: Վահանը, որ հոր և հորեղբոր զոհվելուց հետո համարվում էր Մամիկոնյան տան ավագ նախարարը, գործակցեց ուխտապահ խմբակցության հետ, որոնց աջակցում էր Գյուտ կաթողիկոսը: Ուրացող նախարարները իմացան այդ մասին և հայտնեցին պարսից թագավորին: Վահանը ստիպված գնաց Տիզբոն, կեղծ ուրացավ քրիստոնեությունը և ստանալով հարկահանի պաշտոնը, վե-րադարձավ հայրենիք: Չնայած դրան, կասկածները նրա նկատմամբ չվերացան: Շուտով Վահանը բացահայտ հակադրվեց պարսիկներին: Նա Գյուտ, ապա Հովհան Մանդակունի կաթողիկոսների հետ Հայաստանից հալածեց նեստորականներին, որոնք պարսից արքայի հովանավորությամբ փորձում էին բռնություններ գործադրել հայ հոգևորականների նկատմամբ: Ապստամբական խմորումները գնալով ուժեղանում էին և ապստամբելու առիթ էր պետք: Իսկ այդ առիթը շուտով ներկայացավ. Վիրքում Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին ապստամբեց: Հայաստանում ևս վաղուց նախապատրաստվող ապստամբությունը բռնկվեց: Այն ղեկավարեց Վահանը, չնայած, որ նրա եղբայր Վարդը այն ժամանակ պատանդ էր Տիզբոնում:

Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

Շարժման սիրտը Մամիկոնյան – Կամսարական նոր սերունդն էր, իսկ նախարարների ուխտը Ավետարանի վրա հաստատեց Աթիկ Բջնեցի երեցը: Սակայն մի դավաճան հայ նախարարի միջոցով պարսիկ մարզպանն իմացավ ապստամբության մասին և Դվինից փախավ Արտաշատ, այնտեղից էլ Ատրպատական: Ապստամբները մի քանի օրում դարձան երկրի տերը: Նրանց ձեռքն ընկավ ուխտապահների թշնամի, ուրացնողների պարագլուխ Գադիշո Խոռխոռունին, որն անմիջապես սպանվեց:

Ապստամբները կազմեցին կառավարություն, մարզպան նշանակվեց Բագրատունյաց Սահակ իշխանը, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, իսկ մաղխազ՝ Գարջոյլ Խոռխոռունին: Ապստամբած բոլոր նախարարները իրենց ընտանիքներն ու ունեցվածքը տեղափոխեցին Մամիկոնյանների Տայք լեռնային ոստանը, որը դարձավ նրանց ռազմավարական հենարանը:

Նախարարները կրկին երդվեցին Ավետարանի վրա՝ խոստանալով կռվել մինչև վերջ և երբեք հույս չդնել հոների կամ հույների օգնության վրա: Աահակ իշխանը, Վահանն ու նրա եղբայր Վասակը հանձն առան շարժման ղեկավարությունը և այդ մասին հայտնեցին Հովհան Մանդակունի կաթողիկոսին, որը 478 թվականին հաջորդել էր Գյուտին:

Դվինը դարձավ նախարարական Հայաստանի մայրաքաղաք, և կարծես վերականգնվում էր հայկական պետականությունը:

Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

               Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

Շուտով սկսվեցին ռազմական գործողությունները: Պարսից փախած մարզպան Ատրվշնասպը մեծ բանակով նորից մտավ Հայաստան, իսկ նրան ընդառաջ գնաց Վահանը անհամեմատ փոքրաթիվ զորքով: Ճակատամարտը կայացավ Արարատ լեռան ստորոտում, Ակոռի գյուղի մոտ և չնայած ուժերի խիստ անհավասարությանը, հայերը հաղթեցին, իսկ պարսից Ատրվշնասպ մարզպանը սպանվեց:

Սակայն 482 թվականի վաղ գարնանը Պերոզ արքան կրկին մեծ զորք ուղարկեց հայերի շարժումը ճնշելու համար: Այս անգամ թշնամին Հայաստան ներխուժեց Հեր և Զարևանդ գավառների կողմից, Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ 482 թվականի մայիսին կայացած ճակատամարտը կրկին ավարտվեց հայերի հաղթանակով: Դրան հաջորդեց Վարդ Մամիկոնյանի փախուստը Տիզբոնից և վերադարձը Հայաստան:

Վահան Մամիկոնյան

 Ներսեհապատի ճակատամարտից հետո հայերը վրաց Վախթանգ թագավորի խնդրանքով շտապեցին օգնել վրացիներին: Հայ-վրաց միացյալ բանակը «ճարմանայն» կոչվող դաշտում Վահանի հրամանատարությամբ այս անգամ մի շարք պատճառներով պարտություն կրեց պարսիկներից: Ճակատամարտի հետևանքները շատ ծանր էին. զոհվեցին Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը և այլ նախարարներ: Վահանը բանակը փրկելու համար գերադասեց նահանջել դեպի հայրենի Տայք նահանգը: Պարսից Միհրան զորավարը, հետապնդելով նրան, հասավ Բասեն գավառի Դու գյուղը, իսկ Վահանն այդ ժամանակ գտնվում էր Տայքի Մկնառիճ գյուղում, որը շատ մոտ էր Դու գյուղին: Նրանց միջև սկսվեցին բանակցությունները: Միհրանը համոզում էր Վահանին՝ հնազանդվել Պերոզին, հայ նախարարի կողմից, բնականաբար, ստանալով վճռական մերժում: Այդ ժամանակ Պերոզը ծանր կացության մեջ էր և շտապ ետ կանչեց Միհրանին: Պարսիկների հեռանալուց հետո Վահանը տեղափոխվեց Այրարատ նահանգ: Երկրում ստեղծվեց հարաբերական անդորր: Վահանը դարձավ երկրի կառավարիչ և զոհված Սահակ Բագրատունու փոխարեն ստանձնեց նաև մարզպանի պարտականությունները, հոգաց երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:

Սակայն պարսիկները չհաշտվեցին ստեղծված դրության հետ: Շատ շուտով պարսկական զորքը նորից մտավ Այրարատյան դաշտ և սկսեց կողոպուտը: Վահանը անսպասելի հարձակումով մեծ վնասներ հասցրեց նրանց, կրկին անցավ Տայք: Պարսիկները հետապնդեցին նրան և Երեզ գյուղի ճակատամարտում հայերը տեղի գյուղացիների օգնությամբ կարողացան հաջող հակահարված տալ թշնամուն: Սակայն շուտով դրությունը փոխվեց ի նպաստ հայերի:

484 թվականի ամռանը սպանվեց Պերոզ թագավորը և պարսից զորավար Միհրանը վերադարձավ Պարսկաստան: Վահանը կրկին տեղափոխվեց Այրարատ և շարունակեց երկրի բարեկարգումը:

Պերոզ թագավորի փոխարեն գահ բարձրացավ նրա եղբայրը՝ Վաղարշը, որը սթափ գնահատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հասկացավ, որ հայերի դեմ պատերազմն անհեռանկար է և 484 թվականի վերջին Վահան Մամիկոնյանին առաջարկեց հաշտության պայմանագիր կնքել:

Հեր գավառի Նվարսակ գյուղում (Պարսկահայք նահանգ) սկսվեցին բանակցությունները: Վահանն ու նրա զինակիցները երեք գլխավոր պայման առաջադրեցին՝ դադարեցնել հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, պահպանել նախարարական կարգը և հարգել ազնվականության իրավունքները՝ թույլ տալով նախարարների անմիջական կապը թագավորի հետ: Այդ պայմաններով Հայաստանի ու Պարսկաստանի միջև կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը: 485 թվականին Վահանը մեկնեց Տիզբոն, որտեղ Վաղարշ թագավորը նրան ընդունեց մեծ պատիվներով և հատուկ հրովարտակով ճանաչեց Հայաստանի կառավարիչ: 482-484 թվականների Վահանի գլխավորած ապստամբությունը կամ Վահանյանց շարժումը ավարտվեց հայերի հաղթանակով, որի արդյունքում պարսից արքունիքը ստիպված եղավ հրաժարվել կրոնական հալածանքներից և ճանաչել հայերի պետական կրոնը՝ քրիստոնեությունը:

485 թվականին Վաղարշը մարզպանի պարտականությունները նույնպես հանձնեց Վահանին: Այսպիսով Հայաստանը ձեռք բերեց լայն ինքնավարություն:

Վահանյանց շարժումը Վարդանանց պատերազմի շարունակությունն էր: Դրանք լիովին ձախողեցին պարսիկների հայերին կրոնափոխելու և ձուլելու քաղաքականությանը: Հայաստանը գոյատևեց իբրև քրիստոնյա երկիր:

 

Օգտագործված գրականություն

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք, Ս. Էջմիածին, 1999թ.

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

 

 

 

 

Advertisements