Նորավանքի հիմնադրման, բարգավաճման, հոգևոր կենտրոնի վերածման գործում մեծ է վանքի հոգևոր հայրերի դերը, որոնք, օգտագործելով Օրբելյանների տնտեսական հզորությունը և քաղաքական իշխանությունը, կարողացան փոքր սրբատեղին դարձնել ծաղկուն հոգևոր հաստատություն: Նորավանքի հոգևոր հայրերի մեջ եղել են նաև Օրբելյան տոհմից սերված եպիսկոպոսներ:
Նորավանքի հիմնադրման գործում էական դեր է խաղացել Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Կապանեցին, որը Սյունյաց մայրաքաղաք Կապանի կործանումից հետո` 1105թ, տեղափոխվում է Վայոց Ձոր, բնակություն հաստատում Հրաշկաբերդի մոտ և հիմնադրում նոր վանական միաբանություն` կոչելով այն Նորավանք: Հովհաննես եպիսկոպոսը միջոցներ էր գտել բարելավելու վանքի տնտեսական վիճակը, հավաքել էր հոգևորականներ, մահմեդական տիրակալներից հատուկ հրամանագիր էր վերցրել նոր եպիսկոպոսական վիճակի մասին: Բացի այդ, Նորավանքը հռչակված էր սրբավայր-ուխտատեղի, որովհետև վանքի մոտ էր կառուցված Ս. Փոկաս մատուռը` Ս. Փոկաս հայրապետի մասունքով և հրաշագործ աղբյուրով:
Բուն Հայաստանում վերջին անկախ հայկական իշխանությունը` Սյունյաց թագավորությունը, 1170թ. գրավելով, սելջուկ-թուրքերը երկիրը դաժան ավերածությունների են ենթարկում: Ոչնչացվում, ավերվում են բազմաթիվ վանքեր, գյուղեր, քաղաքներ, ամրոցներ: Միայն Բաղաբերդում, հափշտակում կամ ոչնչացնում են շուրջ 10 000 ձեռագիր մատյաններ։
Երկրում տիրում են անկարգություններն ու ավերումները, կոտորածներն ու բռնությունները, սովն ու համաճարակները, կրոնափոխության բռնի պարտադրանքները: Փրկված իշխանական տների մնացորդները, հոգևորականներն, ինչպես նաև ժողովրդի մի զգալի մասն արտագաղթում են երկրից, հատկապես դեպի Կիլիկիա, իսկ ոմանք էլ ապաստան են որոնում ավերածություններից զերծ մնացած, առանձնացված վանքերում, ճգնարաններում: Այդպիսի վայրերից մեկն էր Ամաղուի ձորը, ուր գտնվում է ներկայիս Նորավանքը:
Նորավանքի հետ առնչված հաջորդ բարձրաստիճան հոգևորականը Սյունյաց եպիսկոպոս Գրիգոր Մեղրեցին է /1148-1168/, ով, մտահոգ լինելով երկրի վիճակով, ոտքի էր հանում ժողովրդին, հույս տալիս, ոգևորում: Գրիգոր Մեղրեցին մահանում է 1168 թվականին և թաղվում Նորավանքում: Առայժմ անորոշ է մնում այն հարցը, թե արդյոք Գրիգոր Մեղրեցին Սյունյաց աթոռը տեղափոխել է Նորավանք, քանի որ Ստեփանոս Օրբելյանը “Սյունիքի պատմությունում” նրա անունը չի հիշատակում: Նրան փոխարինում է իր որդին` Ստեփանոսը (Ստեփանոս Գ Շնորհազարդ):
Ստեփանոս Գ–ն Սյունյաց աթոռակալ է հռչակվում 1170 թվականին` հոր Continue reading