Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. Նորավանքի նվիրյալ հոգևոր հայրերը

Advertisements

Նորավանքի հիմնադրման, բարգավաճման, հոգևոր կենտրոնի վերածման գործում մեծ է վանքի հոգևոր հայրերի դերը, որոնք, օգտագործելով Օրբելյանների տնտեսական հզորությունը և քաղաքական իշխանությունը, կարողացան փոքր սրբատեղին դարձնել ծաղկուն հոգևոր հաստատություն: Նորավանքի հոգևոր հայրերի մեջ եղել են նաև Օրբելյան տոհմից սերված եպիսկոպոսներ:

Նորավանքի հիմնադրման գործում էական դեր է խաղացել Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Կապանեցին, որը Սյունյաց մայրաքաղաք Կապանի կործանումից հետո` 1105թ, տեղափոխվում է Վայոց Ձոր, բնակություն  հաստատում Հրաշկաբերդի մոտ և հիմնադրում  նոր վանական միաբանություն` կոչելով այն Նորավանք: Հովհաննես եպիսկոպոսը միջոցներ էր գտել բարելավելու վանքի տնտեսական վիճակը, հավաքել էր հոգևորականներ, մահմեդական տիրակալներից հատուկ հրամանագիր էր վերցրել նոր եպիսկոպոսական վիճակի մասին: Բացի այդ,  Նորավանքը հռչակված էր սրբավայր-ուխտատեղի, որովհետև վանքի մոտ էր կառուցված Ս. Փոկաս մատուռը` Ս. Փոկաս հայրապետի մասունքով և հրաշագործ աղբյուրով:

Բուն Հայաստանում վերջին անկախ հայկական իշխանությունը` Սյունյաց թագավորությունը, 1170թ. գրավելով, սելջուկ-թուրքերը երկիրը դաժան  ավերածությունների են ենթարկում: Ոչնչացվում, ավերվում են բազմաթիվ վանքեր, գյուղեր, քաղաքներ, ամրոցներ: Միայն Բաղաբերդում, հափշտակում կամ ոչնչացնում են շուրջ 10 000 ձեռագիր մատյաններ։

Երկրում տիրում են անկարգություններն ու ավերումները, կոտորածներն ու բռնությունները, սովն ու համաճարակները, կրոնափոխության բռնի պարտադրանքները: Փրկված իշխանական տների մնացորդները, հոգևորականներն, ինչպես նաև ժողովրդի մի զգալի մասն արտագաղթում են երկրից, հատկապես դեպի Կիլիկիա, իսկ ոմանք էլ ապաստան են որոնում ավերածություններից զերծ մնացած, առանձնացված վանքերում, ճգնարաններում: Այդպիսի վայրերից մեկն էր Ամաղուի ձորը, ուր գտնվում է ներկայիս Նորավանքը:

Նորավանքի հետ առնչված հաջորդ բարձրաստիճան հոգևորականը Սյունյաց եպիսկոպոս Գրիգոր Մեղրեցին է /1148-1168/, ով, մտահոգ լինելով երկրի վիճակով, ոտքի էր հանում ժողովրդին, հույս տալիս, ոգևորում: Գրիգոր Մեղրեցին մահանում է 1168 թվականին և թաղվում Նորավանքում: Առայժմ անորոշ է մնում այն հարցը, թե արդյոք Գրիգոր Մեղրեցին Սյունյաց աթոռը տեղափոխել է Նորավանք, քանի որ Ստեփանոս Օրբելյանը “Սյունիքի պատմությունում” նրա անունը չի հիշատակում: Նրան փոխարինում է իր որդին` Ստեփանոսը (Ստեփանոս Գ Շնորհազարդ):

Ստեփանոս Գն Սյունյաց աթոռակալ է հռչակվում 1170 թվականին` հոր մահից երկու տարի հետո, հաշվի առնելով ձեռնադրվելու համար Կիլիկիա գնալու և վերադառնալու ժամանակահատվածը: Նա  ձեռնադրություն է ստանում  Ներսես Շնորհալուց: Վերադառնալով Սյունիք` Ստեփանոս Գ-ն հաստատվում է ոչ թե Տաթևում, այլ պաշտոնապես աթոռանիստ է ընտրում Նորավանքը: Աթոռանիստի տեղափոխմանը օրինական ձև տալու համար Ստեփանոս Գ-ն դիմում է սելջուկ սուլթանին և նրա համաձայնությունն ստանալուց հետո դիմում է ժամանակի կաթողիկոս Գրիգոր Տղային /1173-1193/  և նրանից կոնդակ է ստանում Սյունյաց աթոռի և Նորավանքի վերաբերյալ:

  Ստեփանոս Գն սերտ կապեր է հաստատում Զաքարյան եղբայրների հետ, որոնց   պահանջով էլ նա  1211 թ. փախցնում է Նախիջևանում բռնի պահվող   Լիպարիտ Օրբելյանին: Լիպարիտը որդին էր Ելիկում Օրբելյանի և Ստեփանոս Գ-ի քրոջ` Խաթունի: Նա էլ ազատագրում է Սյունիքը և սկիզբ  դնում  Սյունյաց Օրբելյանների ճյուղին: Վերջիններս էլ 13-14-րդ դարերում հզորանալով, հսկայական դեր են խաղում  Սյունիքի տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում: Նշենք նաև, որ Ստեփանոս Գ-ին է վերագրվում այժմ կորած մի պատմական աշխատություն Բաղաց թագավորության պատմության մասին, որից օգտվել է Ստեփանոս Օրբելյանը իր աշխատությունները գրելիս: Ստեփանոս Գ-ն վախճանվում  է 1216 թ. և թաղվում  է Նորավանքում: Նրան հաջորդում  է իր քրոջ որդին`  Սարգիս եպիսկոպոսը /Սարգիս Ա/:

Սարգիս Աի խորհրդով և նախաձեռնությամբ  1216 թ. սկսվում և 1223 թ. ավարտվում է Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու կառուցումը: Եկեղեցու կառուցման նավակատիքը կատարվում է մեծ շուքով, ուր և տարբեր իշխանների կողմից կատարվում են բազմաթիվ նվիրատվություններ:  Հայտնի է, որ Սարգիս Ա-ի  ժամանակ Սյունյաց աթոռը երկփեղկված էր` Տաթև և Նորավանք աթոռանիստ կենտրոններով: Բաժանման դեմն առնելու փոխարեն` նա Նորավանքը հաստատում է որպես առանձին վիճակ: Այդ նպատակի համար  նա 1226 թվականին մեկնում է Կիլիկիա, որտեղ նրա առաջին գործը Կոստանդին Բարձրբերդցու կողմից Նորավանքը որպես առանձին աթոռ հաստատումն է լինում: Այնուհետև Սարգիս Ա-ն առանձնանում է Մելիճո վանքում, որտեղից մեկնում է Երուսաղեմ: Այստեղից նա խաչակիրներից գնում է Ստեփանոս Նախավկայի աջը և ուղարկում Նորավանք, ուր իր հիմնած եկեղեցին հենց Նախավկայի անունն էր կրում: Երուսաղեմում էլ Սարգիս Ա-ն նահատակվում է իր երեք ուղեկիցների հետ: Հայտնի է, որ երբ նրանք աղոթում էին Տիրոջ գերեզմանի վրա, մահմեդականները սկսում են կոտորել բնակիչներին և գտնելով Տեր Սարգսին իր ուղեկիցների հետ, սպանում են աղոթքի վայրում: Պատմական որոշ փաստերի համադրումից պարզվում է, որ Սարգիս Ան պետք է մահացած լիներ 1243 թվականից առաջ:

Շարունակելի…

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements