ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ


 

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպս․ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ գնդերեցների եռամսյա ամփոփիչ 200-րդ ժողովը։

ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ

Ժողովականները հյուրընկալել էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպս․ Պետրոսյանին, ում գլխավորությամբ աղոթքից հետո, Սրբազան Հայրը, ՀՀ ԶՈՒ ավագ գնդերեցներին ներկայացրեց Աստվածաշնչի քարոզչության կարևորությունը թե′ զինծառայողների շրջանում, թե′ աշխարհում Աստվածաշունչ խոսքի տարածման վիճակագրությունը:
Այնուհետև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության պատասխանատու ավագ գնդերեցները ներկայացրեցին անցյալ պատերազմական եռամսյակում իրենց կատարած գործունեությունը։

ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ
ՊԲ ավագ գնդերեց Սամվել սրկՄկրտչյանը, նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՊԲ գնդերեցներին, բոլորանվեր կերպով ծառայություն մատուցելու համար Արցախի պաշտպանությանը։ Բարեշնորհ սարկավագը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ՊՆ այն գնդերեցներին, ովքեր թե′ ռազմական և թե′ կենցաղային անհրաժեշտ օգնության կազմակերպիչներն էին պատերազմական և հետպատերազմական օրերին՝ անձամբ գտնվելով պատերազմական գոտում:
N ԲԿ ավագ գնդերեց Սիմոն սրկ․Իգիթյանը ներկայացրեց իր պատասխանատվության ներքո գտնվող զորամասերի գնդերեցների հետ համատեղ հոգևոր, բարոյական և հայրենասիրական պատշաճ ծառայություն մատուցելու մասին մարտական գործողությունների թոհուբոհի ժամանակաշրջանում և հետո:
N ԲԿ ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Պսակ քհն. Մկրտչյանը ներկայացրեց ժամկետային, սպայական, պայմանագրային և կամավոր անձնակազմի հետ  բոլոր միջոցառումներին մասնակցության մասին՝ մարտական հերթափոխի ընդունումից մինչև տոնական միջոցառումների կազմակերպում։ Հատկանշական է նաև գնդերեցների կողմից նյութական աջակցության կազմակերպումը՝ ավելի քան 15.000 անվադող և այլ անհրաժեշտ միջոցների հայթայթում զորամասի համար։

ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ
N ԲԿ ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Վանանդ քհն. Անդրեասյանը շեշտեց հոսպիտալներ, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներ այցելության մասին։ Կատարվել են ՊՆ տարեկան պլանով նախատեսված ծառայողական բոլոր պարտականությունները։
N ԲԿ ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Գալուստ քհն-ն ներկայացրեց Արսեն սրկ. Մատթևոսյանի մեծ ու օգտակար ծրագիր-միջոցառումները, որոնցից հիշարժան է բարեգործական համերգը, որի արդյունքում հավաքագրված գումարով զորամասի համար գնվել են ինժիներական գործիքներ և սարքավորումներ։
N ԲԿ ավագ գնդերեց արժանապատիվ Տ. Ենովք քհն. Եսայանը բազմաթիվ միջոցառումներից զատ ներկայացրեց Երևանի կայազորի տարածքում գնդերեցների համատեղ կապը ճեմարանականների և Մայր Աթոռի միաբան հոգևորականների հետ, կրակային պատրաստության կարևոր միջոցառումների իրականացմամբ։ Բազմաբնույթ են սոցիալական ծրագրերը, որոնց արդյունքում տարաբնույթ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ են ձեռք բերվել և տրամադրվել զորամասերին, տարբեր անհատ կազմակերպությունների կողմից կազմակերպվել է դրամական պարգևների փոխանցում առավել կարիքավոր ու արժանավոր սպայական և զինվորական անձնակազմին։

Ժողովի ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպս․Աբրահամյանը հայտնեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից կազմակերպվում են միանվագ և պարբերական կերպով գումարների տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Սրբազան Հայրը նշեց, որ բանակը նոր մեկնարկի կարիք ունի և պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ զինելու հայոց զինվորին հավատով և հույսով, հայրենասիրությամբ և Աստվածսիրությամբ, կրողը լինել ռազմական արվեստի և համամարդկային արժեքների։

Հանդիպումն ավարտվեց Սրբազան Հոր աղոթքով, որ Տերն անսասան ու խաղաղության մեջ պահի մեր երկիր Հայաստան աշխարհը, Հայաստանյայց եկեղեցին և զինվորագրված անձնակազմին իր սուրբ և պատվական Խաչի նշանի ներքո այժմ և բոլոր ժամանակներում: Ամեն:

Նյութը պատրաստեց` ՊՆ գնդերեց
Նարեկ Սարկավագ Պետրոսյան

 

Աղբյուր՝ http://www.armchaplain.org/

 

 

Advertisements