Վայոց Ձորի թեմ

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

Advertisements

Հովհաննես Մանդակունի Կաթողիկոս

Հովհաննես Մանդակունին Գյուտ կաթողիկոսի հաջորդն էր, որին իր կենդանության օրոք նա նշանակեց փոխանորդ: Իսկ կաթողիկոսական աթոռը Մանդակունին պաշտոնապես զբաղեցրեց 478 թվականին՝ Գյուտի մահից հետո:

Հովհաննես Մանդակունին ծնվել է Արշամունիք գավառի Ծախնուտ գյուղում և սերում է Մանդակունիների նախարարական տոհմից: Նա Սահակ Պարթեի աշակերտների վերջին սերնդի ներկայացուցիչ է:

Դառնալով հայոց կաթողիկոս՝ նա շարունակեց Սահակ և Գյուտ հայրապետների գործունեությունը, օժանդակեց ուխտապահ նախարարներին և շատ շուտով դարձավ հայրենասերների խմբակցության սիրելին, որի պարագլուխներն էին Վահան Մամիկոնյանն ու Սահակ Բագրատունին: Կաթողիկոսը ոչ միայն խրախուսեց երկրի բարեկարգման ուղղությամբ ձեռնարկած նրանց քայլերը, այլև հայրենապաշտպան, ազգապաշտպան բոլոր ձեռնարկումները և նրանց կողքին մասնակցեց այդ նպատակով մղվող ճակատամարտերին:

Մանդակունու ապրած ժամանակաշրջանը համընկավ պարսկական ասպատակություններին և պարսկական բանակի անընդհատ հարձակումներին, որոնք ուղղված էին հայերի դավանափոխության նպատակին: Այդպիսի հարձակումներից մեկն ավարտվեց Ներսեհապատ գյուղի մոտ 482 թվականի գարնանը տեղի ունեցած ճակատամարտով, որն հայերին փառահեղ հաղթանակ բերեց:

Ներսեհապատում (Ավարայրի դաշտի մոտակայք) Վահան Մամիկոնյանի ղեկավարած հայոց զորքին աղոթքով ու օրհնությամբ հայրենիքի ու հավատի պաշտպանության սրբազան մարտի առաջնորդեց Մանդակունի հայրապետը, որը ճակատամարտի հաղթական ավարտից հետո կրկին օրհնեց բանակին ու ամբողջ հայ ժողովրդին, ասելով. «Ուրախ եմ շատ, տեսնելով, որ Աստված հաշտ է ձեզ հետ»:

Այդ հաղթանակը նաև խորհրդանշական իմաստ ուներ: Վահան Մամիկոնյանը հաղթեց այնտեղ, ուր 31 տարի առաջ զոհվեց Վարդան Մամիկոնյան սպարապետը, իսկ Մանդակունի կաթողիկոսը մարտից առաջ օրհնանքի խոսք ասաց այնտեղ, ուր գերիների հետ շղթայվել էր Հովսեփ կաթողիկոսը:

Սակայն Մանդակունի կաթողիկոսն ապրեց նաև Հայաստանի համար խաղաղ ու բարեկարգ ժամանակաշրջանում, երբ պարսից Վաղարշ թագավորը ճանաչեց Հայաստանի ինքնավարությունը, հրաժարվեց կրոնափոխությունից և Վահան Մամիկոնյանին հանձնեց երկրի կառավարումը: Այդ ժամանակ էր, որ հայրապետական աթոռը էջմիածնից ժամանակավորապես տեղափոխվեց Դվին, հիմնվեց Կաթողիկե եկեղեցի, այն վայրում, ուր 450 թվականին Շավասպ Արծրունին կործանել էր պարսից ատրուշանը: Իսկ մինչ այդ կաթողիկոսը էջմիածնի տաճարում Տիզբոնի բանակցություններից (որտեղ ճանաչվեց Հայաստանի ինքնավարությունը) հաղթականորեն վերադարձած Վահան Մամիկոնյան իշխանին ընդունեց պատվական խաչի նշանով և Գրիգոր Լուսսսվորչի մասունքներով:

Հայոց հայրենասեր հայրապետը քաջալերում էր մարզպանի և սպարապետի պաշտոնները ստանձնած Վահան Մամիկոնյան իշխանի բոլոր հայրենասիրական ու կառուցողական ձեռնարկումները, աջակցում էր նրան՝ կարևորելով դրանց արժեքն ու նշանակությունը ժողովրդի, պետության ու եկեղեցու կյանքում:

Մանդակունու դերն անգնահատելի է նաև հայ եկեղեցու բարեկարգման գործում:

Նա մշակել է պահքերին ու եկեղեցական տոներին վերաբերող տասը կանոններ, որոնք ընդունել է 486 թվականին Շահավիպանում հենց իր հրավիրած եկեղեցական ժողովը: Այդ կանոնները տեղ գտան «Կանոնագիրք հայոց»ի մեջ:

Հայ եկեղեցու համար կարևոր նշանակություն ունեցան Մանդակունու մշակած ծիսական կարգերը:

Կաթողիկոսը թողել է նաև մատենագրական ժառանգություն («ճառեր») և թարգմանական արժեքավոր գործ «Զերկրորդ Կորնթացւոց թուղթը և զՅոհանն»:

Հովհան Մանդակունի հայրենասեր հայրապետի մահվան պարագաներն ու վայրը հայտնի չեն:

Օգտագործված գրականություն

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք, Ս. Էջմիածին, 1999թ.

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

 

Advertisements