Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. Նորավանքի նվիրյալ հոգևոր հայրերը

Advertisements

Սարգիս Աից հետո Նորավանքի առաջնորդ նշանակված Ստեփանոս Դ եպիսկոպոսը, որը իշխանաց իշխան Սմբատի տնօրինությամբ կառուցում է գավիթը: Նրա մասին միակ տեղեկությունը պահպանվել է  Ստեփանոս Օրբելյանի մոտ: Սյունյաց պատմիչը գրում է, որ Ստեփանոս Դ-ն մեկնել է Կոնստանդին կաթողիկոսի մոտ` Նորավանքը որպես առանձին աթոռ վերահաստատելու նպատակով:

Ստեփանոս Դ-ն  պաշտոնավորել է մինչև իր մահը` 1260 թ.: Օրբելյանների տոհմական դամբարանում է գտնվում  նրա  տապանաքարը, որի վրա փորագրված է “ՏՐ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ :ՉԹ:”:

Ստեփանոս եպիսկոպոսի մահվանից հետո Նորավանքի առաջնորդական աթոռը մեկ տարի զբաղեցնում է Գրիգոր Ան /1260-1261 թթ./, որի մասին հիշատակություն կա Նորավանքի մի նվիրատվական արձանագրության մեջ` որպես առաջնորդի:

 Գրիգոր Ա-ից հետո Նորավանքի աթոռը զբաղեցնում է   Սարգիս Բ եպիսկոպոսը: Նա Վահրամ ճգնավորի որդին էր, որի տապանքարը գտնվում է Նորավանքի գավթի մուտքի դիմաց:  Սարգիս Բ-ի աթոռակալության ժամանակը համընկնում է Սմբատ Օրբելյանի շնորհիվ Սյունիքում ստեղծված նպաստավոր իրավիճակի հետ: Նրա օրոք 1261 թ. ավարտին է հասցվում Նորավանքի գավթի կառուցումը, որն անավարտ էր մնացել Ստեփանոս Դ եպիսկոպոսի մահվան պատճառով:

1273 թ. սկսում և 1290 թ. ավարտում է վանքի հյուրատան կառուցումը, իսկ 1275 թ.-ին կառուցում է  Օրբելյանների տոհմական դամբարանը` Ս. Գրիգոր եկեղեցին:

Սարգիս Բ-ն վախճանվել է  1298 թ. և թաղվել է Նորավանքում` Օրբելյանների տոհմական դամբարանում: Նրա  տապանքարին փորագրված է “ԱՅՍ ՇԻՐԻՄ ՇՆՈՐՀԱԼԻՐ ՍԱՐԳՍԻ Է ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ԱՆՅԱՂԹ ՀՌԵՏՈՐԻ ԹՎ .ՉԽԷ.”:

Նորավանքում 1285 թվականից սկսած, որպես մետրոպոլիտ  սկսում են պաշտոնավարել Օրբելյան  տոհմի եպիսկոպոսները` Ստեփանոսը, Հովհաննես-Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, որոնց աթոռակալության տարիները համընկնում են Նորավանքի ծաղկման և բարգավաճման հետ:

Եվ, այնուամենայնիվ,  Նորավանքի հոգևոր հայրերից ամենահեղինակավորը Ստեփանոս Օրբելյանն էր: Նրա ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ: Որոշ ուսումնասիրողներ նշում են, որ նա  ծնվել է 1240-ական թվականներին: Ստեփանոսը Տարսայիճ Օրբելյանի որդին էր, մանուկ հասակից նրան որդեգրել էր հորեղբայրը` Սմբատը:

Ստեփանոսը նախ սովորել է Տաթևում, ապա կրթությունը շարունակել է Գլաձորի համալսարանում: 1280 թվականին նա Նորավանքում ձեռնադրվում է քահանա, ապա  1285 թվականին ուղարկվում է Կիլիկիա` Հակոբ կաթողիկոսի մոտ` եպիսկոպոս ձեռնադրվելու։ Նա նշանակվում է Սյունյաց երկու աթոռների` Տաթևի և Նորավանքի ընդհանուր մետրոպոլիտ: Սակայն մինչև Ստեփանոսը Կիլիկիա կհասներ, 1286 թվականին մահանում է Հակոբ կաթողիկոսը: Այստեղ Օրբելյանը հանդիպում է Կիլիկիայի հայոց Լևոն Գ թագավորին, որը Ստեփանոսին առաջարկում է զբաղեցնել կաթողիկոսական թափուր գահը, այդ ձևով նպատակ ունենալով թե′ սիրաշահել արևելյան վարդապետներին, թե′ սերտ կապեր ունենալ մոնղոլների մոտ մեծ դիրքի հասած և օրավուր հզորացող Սյունյաց Օրբելյանների հետ: Սակայն Լևոն Գ-ի առաջարկի մյուս կարևոր  պատճառը նոր կաթողիկոս ընտրելու համար ծայր առած վեճերն ու բախումները վերացնելն էր, որն ուներ նաև իր քաղաքական պատճառները և հետևանքները: Հակոբ կաթողիկոսի մահից հետո կային երկու թեկնածուներ` Գրիգոր Անավարզեցին` լատինասերների կողմից,  և Կոնստանդին Կատուկեցին` Հայ եկեղեցու ավանդապահության ջատագովների կողմից: Օրբելյանը, սակայն, չի ընդունում թագավորի առաջարկը` նկատի ունենալով իր առաքելության նպատակը: Երկար վեճերից հետո կաթողիկոս է դառնում Կոնստանդին Կատուկեցին, որն էլ 1286 թվականի Զատիկի տոնին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրում է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Օրբելյանը նշանակվում է ոչ միայն մետրոպոլիտ, այլև պռոտոֆրոնտես, այսինքն Հայոց (արևելյան) եպիսկոպոսների գլխավոր:

 

Շարունակելի…

Լուսանկարները՝  Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements