Հանդիպում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ


Հանդիպում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ

Այսօր՝ հունիսի 20-ին, Վայոց ձորի թեմի առաջանորդարանում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ հանդիպեց փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով:

Հանդիպում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ով շնորհավորեց խմբակի անդամներին և շեշտեց խմբակի գործունեության կարևորությունը:

Այս խմբակի անդամներին օգնում է նաև թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը, ով խմբի սաների համար անցկացրել է հայագիտական թեմաներով մի շարք դասախոսություններ:

Հանդիպում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ

Խմբի ակտիվիստներն են Սոֆյա Աբրահամյանը (ավագ), Մանե Համբարձումյանը, Անի Կարապետյանը, Նոնա Պետրոսյանը և Աննա Մովսիսյանը, ովքեր իրականացնելու են մի շարք ծրագրեր.

  1. Կազմակերպելու են արշավներ Վայոց ձորի մարզի պատմամշակութային վայրեր, վանքեր, եկեղեցիներ, որտեղ իրականացնելու են մաքրման աշխատանքներ:
  2. Կազմակերպելու են հայագիտական սեմինարներ:
  3. Ծրագիր ունեն, որպեսզի թղթի թափոններից և պոլիէթիլենային շշերից պատրաստեն բազմաթիվ իրեր, որոնք կօգտագործվեն բարեգործական նպատակներով:

Այս վերջին ծրագիրը ներկայացրել են Երիտասարդական Բանկին, որի կողմից արժանացել է հավանության և ֆինանսավորվել: Այս ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Վայոց ձորի թեմի առաջնորդարանում:

Հանդիպում «Վարդանանք» պատանի հայագետների խմբակի անդամների հետ

Խմբի ավագ Սոֆյա Աբրահամյանն ասաց.«Ըստ ծրագրի՝ ուսումնական հաստատություններում տեղադրելու ենք երկուական աղբամաններ՝ մեկը թղթի թափոնների, իսկ մյուսը՝ պոլիէթիլենային շշերի համար: Հավաքված թղթերը վերամշակելու ենք և ստանանք թղթից տոպրակներ, դիմակներ և այլ իրեր: Իսկ պոլիէթիլենային շշերը ձևավորելու ենք և ստանանք ծաղկամաններ, գրչամաններ, հեռախոսատուփեր և այլ կենցաղային իրեր»:

Քննարկվեցին նաև բազմաբնույթ հարցեր:

«Պահպանիչ» աղոթքով ավարտվեց հանդիպումը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements