Վայոց Ձորի թեմ

ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Է.  Կան շատեր, որ մարդկանց առաջ գովում են խոնարհությունն իրենց խոնարհ ցույց տալու համար, իսկ ճշմարիտ՝ Աստծո ուզածի պես խոնարհը, խոնարհությունը գովում է այն պատճառով, որ բարի ու գովության արժանի է և ո′չ թե որ ինքը դրանով խոնարհ կարծվի ու փառավորվի, մանավանդ որ ճշմարիտ խոնարհը երբեք չի համարում, թե հասել է կատարյալ խոնարհության, այլ միշտ կրթում է իրեն՝ դրան հասնելու համար:

Ը. Նա չէ խոնարh, ով մեծամեծերի առաջ իրեն նվաստացնում ու խոնարհի կերպարանք է առնում, բայց մտքով իրեն նրանց հավասարապատիվ կամ նրանցից էլ բարձր համարում, այլ նա, ով իրեն բոլորից նվաստ է համարում, թեև մեծ առաքինություններ ու այլ ձեռքբերովի բարիքներ նրանցից ավելի ունենա:

Թ. Խոնա′րհ չէ նա, ով բարի հաջողություններ ունենալիս ու մարդկանցից պատիվ ստանալիս հանդարտ ու խոնարհ է երևում, իսկ ձախորդության մեջ ընկնելիս ու արհամարհանք կրելիս վրդովվում ու դառնանում: Ճշմարիտ խոնարհությունը մոլությունների ծառա չէ, որին իբրև անարգ գերու կամ անբան գրաստի մեկն ըստ իր ուզածի կապի ու արձակի, կամ իբրև ավելորդ զգեստ մեկր հագնի ու հանի- շպրտի, այլ ազատ է ու ինքնիշխան, հոգու անհրաժեշտ զարդ ու մարդկային ցեղի պարծանք :

Ուստի ճշմարիտ խոնարհն ամեն ժամ և ամենուրեք հանդարտ ու անվրդով է մնում. ո′չ պատիվ ստանալիս ամբարտավանանում է, որովհետև իրեն երբեք պատվի արժանի չի համարում, ո′չ էլ արհամարհվելիս վշտանում, որովհետև գիտի, որ անարգանքի արժանի թերություններ ունի:

Ժ. Իզուր է ջանում խոնարհ երևալ նա, ով փառքի է ձգտում. թեև արտաքուստ խոնարհ կերպարանք ունենա, ներքուստ հպարտության հոգին է իր մեջ կրում: Իսկ ճշմարիտ խոնարհը որքան ավելի է շատացնում առաքինությունները, այնքան առավել է ամաչում և իբրև ծառի բազմապտուղ ոստ՝ որքան ավելի է պտուղներով բեռնավորվում, այնքան ավելի է խոնարվում:  Ուստի իր ունեցած բոլոր բարիքներն Աստծո շնորհին է վերագրում, Տիրոջից շնորհակալ լինում և միշտ իրեն անարժան համարում՝ երկնչելով, թե միգուցե մեծամտանա. բայց սրանով է′լ ավելի մեծ պարգևների է արժանանում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Օգտագործված գրականություն

Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի, Խրատի թանգարան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2011թ.:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

 

Advertisements