Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ  

Advertisements

 

1287 թվականին Ստեփանոս Օրբելյանը վերադառնում է Սյունիք, ուր հանդիպում է Տաթևի աթոռի եպիսկոպոսներ Հայրապետի և նրա փոխանորդ Հովհաննեսի ընդդիմությանը: Սյունյաց աթոռի երկփեղկումից հետո, Տաթևի հոգևոր իշխանության ներքո էին գտնվում Սյունիքի թեմերի մեծ մասը, և տեղի եպիսկոպոսները չէին ցանկանում ենթարկվել Ստեփանոսի իշխանությանը ու դիմել էին անգամ մոնղոլ-թաթարների խանին` Արղունին: Սակայն Օրբելյանն իր առջև հստակ նպատակ էր դրել միավորել Սյունյաց աթոռը, և նա  այն անձնավորությունը չէր, որ տեղի տար: Նա ուղևորվում է Արղուն խանի մոտ: Արղունը ընդունում է Ստեփանոսին և արքայական հրամանագրով հաստատում է նրա իրավունքները ու մի պալատական պաշտոնյայի հետ  ուղարկում է Սյունիք:

Վերադառնալով Սյունիք` Ստ. Օրբելյանը թեև կարողանում է իր իրավունքները պարտադրել Տաթևի աթոռին, սակայն սպասում է մինչև աթոռակալների վախճանը: Միաժամանակ նոր ընդհարումներից խուսափելու նպատակով, Ստ. Օրբելյանը չի վերացնում աթոռներից որևէ մեկը, և սահմանում է դրանց եղբայրական հարաբերությունների սկզբունքները: Ինքն էլ իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց այդ սկզբունքին. բնակվելով Նորավանքում, նա եկեղեցի է կառուցում Տաթևում, կամ Տաթև` սպասավորելու է ուղարկում իր հաջորդին` ՀովհաննեսՕրբելին: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Տաթևի ու Նորավանքի վերջին աթոռակալները` Սարգիս և Գրիգոր եպիսկոպոսներըմահից հետո ամփոփվել են կողքկողքի` Նորավանքի գավթում:

Դեռ նոր էր Ստ. Օրբելյանը կարգավորել թեմի ներքին գործերը, երբ 1289 թվականին Կիլիկիայում լատինամետների անհիմն մեղադրանքների պատճառով բանտարկվում է կաթողիկոս Կոնստանդին Կատուկեցին, և Ստեփանոս վարդապետ Սկևռացին Կիլիկիայի թագավոր Հեթում Բ-ի /1289-1305/ կողմից կաթողիկոսի հասցեին գրված մեղադրականով որպես պատգամավոր է ուղարկվում Հայաստան:

Սկևռացին ներկայանում է Օրբելյանին, հանձնում մեղադրականը, և թագավորի անունից հրավիրում նոր կաթողիկոսական  ընտրությանը մասնակցելու: Ստ. Օրբելյանը կտրականապես մերժում է թագավորի հրավերը: 1291 թվականին նա մեկնում է Արղունին փոխարինած Քեյղաթու /1281-1295/ խանի մոտ:  Վերջինս Արղունի փոքր որդին էր: Արղունին այցելելու ժամանակ Ստ. Օրբելյանը ներկա էր եղել սրա քրիստոնյա մկրտվելուն Հռոմի պապի կողմից ուղարկված մի եպիսկոպոսի ձեռքով: Այդ էր պատճառը, որ Ստ. Օրբելյանը նրա կողմից իրեն ցույց տրված պատիվը “եղբայրական” պատիվ է անվանում: Քեյղաթուն արքայական հրովարտակով վերստին հաստատում է Ստ. Օրբելյանի իրավունքները:

Ամրապնդելով իր դիրքերը, Ստ. Օրբելյանը ձեռնամուխ է լինում Սյունյաց աթոռի, նաև Նորավանքի տնտեսական վիճակի բարելավմանը:  Գնումների և նվիրատվությունների միջոցով զգալիորեն ընդարձակվում են Նորավանքի հողային տիրույթները. վանքը տեր է դառնում Չիվա, Քարկոփ, Արատես գյուղերի, բազմաթիվ մեծ ու փոքր այգիների ու արտերի և այլ կայքերի: 1290 թվականին այստեղ կառուցում է հյուրատուն:

Սակայն կարճ ժամանակ անց, մոնղոլական պետության և Սյունիքի քաղաքական կյանքում տեղի են ունենում նոր իրադարձություններ, որոնք բացասաբար են անդրադառնում Ստեփանոս Օրբելյանի հետագա ծրագրերի վրա: Տարսայիճ Օրբելյանի մահվանից /1290 թ./ շատ  չանցած, գահերեցության համար Օրբելյան ժառանգների միջև վեճ է առաջանում և հարցը լուծվում է միայն մոնղոլ խանի միջամտությամբ: Գահերեցությունը անցնում է Տարսայիճի մեծ որդուն` Ելիկումին, սակայն մյուս որդիներին նույնպես տարածքներ են հատկացվում, որի հետևանքոով ջլատվում և թուլանում է Սյունքի ռազմական և տնտեսական հզորությունը:

Խռովություններ են ծայր առնում նաև Մոնղոլական խանության ներսում: 1295 թվականին, որպես այդ պետության գլուխ, ընտրվում է Ղազան խանը /1295-1304/, որի զորավարներից Նավռուզ անունով մեկը ապստամբում է նրա դեմ և ավերածություններ սփռում Ատրպատականում, Նախիջևանում և Սյունիքում: Ինքնապաշտպանության նպատակով Սյունիքի աշխարհիկ և հոգևոր իշխանությունը նյութական և ռազմական մեծ միջոցներ է տրամադրում  մոնղոլական իշխանություններին` Նավռուզի դեմ պայքարելու համար: Նավռուզի ձերբակալմանը մասնակցություն են ունենում նաև Լիպարիտ Օրբելյան և Էաչի Պռոշյան (Խաղբակյան) հայ իշխանները։

Շարունակելի

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝  Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements