Վայոց Ձորի թեմ

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ

Advertisements

Ինչպես Հին Կտակարանը, այնպես էլ Նոր Կտակարանը կազմված է տարբեր, համեմատաբար հակիրճ գրքերից, որոնք ընդհանուր թվով քսանյոթն են։ Եվ ինչպես Հին Կտակարանի գրքերը, Նոր Կտակարանի գրքերը նույնպես կարելի է բաժանել մի քանի խմբի.

1. Պատմություն, առաջին հինգ գրքերը, այսինքն՝ չորս Ավետարանները և Գործք Առաքելոցը՝ Ղուկասի պատմությունը եկեղեցու սկզբնական տարիների վերաբերյալ։

2. Թղթեր. Պողոս առաքյալի նամակները, ինչպիսիք են՝ Թուղթ հռոմեացիներին, Թուղթ գաղատացիներին և Թուղթ Փիլիմոնին, նաև այլ Թղթեր, օրինակ՝ Թուղթ եբրայեցիներին, Պետրոսի ե Հակոբոսի Թղթերը։

3. Հովհաննու Հայտնությունը, վերջին օրերին վերաբերող Հովհաննեսի տեսիլքներից բաղկացած նամակների գիրք՝ ուղղված Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներին։

Նոր Կտակարանի աշխարհը

Նոր Կտակարանի ժամանակաշրջանում հռոմեացիներն իշխում էին ողջ Պաղեստինի վրա։ Պաղեստինը կառավարում էին իրենց կողմից նշանակված կառավարիչները և Հերովդեսների սերունդը։

Հիսուսի ծննդյան ժամանակաշրջանում դեռևս Հերովդես Մեծն էր թագավորում, որը մեծ վստահություն էր վայելում հռոմեացիների շրջանում։ Երբ Հերովդես Մեծը մահացավ (ՔԱ 4), նրա անգութ որդին՝ Արքեղայոսը, հաջորդեց նրան, որպես Հուդայի կառավարիչ, բայց շուտով հռոմեացիները նրան արտաքսեցին։ Հերովդեսի որդի Անտիպասը դարձավ Գալիլիայի և Բերյայի կառավարիչը։ Այդ նա էր, որ գլխատեց Հովհաննես Մկրտչին։ Հերովդեսի երրորդ որդին՝ Փիլիպպոսը, կառավարում էր Իտուրեան և Տրաքոնիան՝ Գալիլիայի ծովից հյուսիս-արևելք ընկած հատվածը։ Նրա մայրաքաղաքն էր Փիլիպպյան Կեսարիան։
Արքեղայոսի արտաքսումից հետո Հուդայի երկիրը կառավարում էին հռոմեացի պաշտոնյաներ, որոնք կոչվում էին կուսակալներ։ Նրանք ապրում էին Միջերկրականի ափին և Երուսաղեմ գալիս էին միայն հատուկ առիթներով, օրինակ՝ կրոնական տոնախմբությունների ժամանակ։ Այդ կուսակալներից ամենահայտնին Պիղատոս Պոնտացին էր։ Նա Զատկի կապակցությամբ եկել էր Երուսաղեմ, երբ Հիսուսին բերեցին նրա մոտ, որպեսզի հարցաքննի Նրան և մահվան դատապարտի։

Հերովդես Ագրիպպաս Ա-ն ՔՀ 37– 44թթ. իշխանության գլուխ կանգնելով՝ ստանձնեց հռոմեացի կուսակալների իշխանությունը։ Քրիստոնյաներին հալածելով՝ նա մեծ համբավ ձեռք բերեց հրեաների շրջանում։

Նրա հանկարծակի մահից հետո (ՔՀ 44) հռոմեացի կուսակալները մեկ անգամ ևս իշխանության գլուխ անցան, բայց նրանց անողորմ բռնություններն ի վերջո հրահրեցին 66–70թթ. հրեական ապստամբությունը, որի հետևանքով ավերվեց Սուրբ Երուսաղեմ քաղաքը, իսկ Հերովդեսի տաճարը հողին հավասարվեց։ Վերջին հռոմեացի կուսակալներից էին Ֆելիքսն (52-60) ու Ֆեստոսը (62-64), և երկուսի հետ էլ Պողոս առաքյալը հանդիպել է։

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

Advertisements