Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը Եղեգնաձորում


Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը Եղեգնաձորում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որը Հայ Եկեղեցին տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 3-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ՝  ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում  Սբ. Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սուրբ Պատարագից հետո տոնը շարունակվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնում, որտեղ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (տնօրեն՝ Մարո Սիմոնյան) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը կամ Վարդավառին նվիրված մեծ տոնակատարություն:

Տոնակատարության ընթացքում ելույթ ունեցան պարային տարբեր խմբեր, անհատ կատարողներ, ինչպես նաև ներկայացվեց տոնի խորհուրդը:

 Համերգի ընթացում կազմակերպվեց ֆլեշմոբ, որի ժամանակ հանդիսատեսը և ներկա պարային խմբերը միասնաբար պարեցին:

Ամֆիթատրոնի հարակից այգում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության Դեկորատիվ արվեստի կենտրոնի սաների կողմից պատրաստված բատիկի աշխատանքները և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի  կողմից իրականացված խեցեգործության, բատիկի և վիտրաժի (նկարչություն ապակու վրա)  դասընթացների մասնակիցների աշխատանքները:

Ներկաները ոչ միայն մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված յուրօրինակ աշխատանքները, այլև իրենք նույնպես մասնակիցը դարձան դրանց պատրաստմանը:

Ոգևորությունը շատ մեծ էր. բոլորը հետաքրքրությամբ փորձում էին պատրաստել որևէ աշխատանք:

 Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

Advertisements