Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 3-ին:

Տոնի օրը  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

Արժանապատիվ Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանին՝ տոնակատարության կազմակերպմանն աջակցելու համար, ապա ներկայացրեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը:

Այնուհետև գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Սաների ելույթներն արժանացան ներկաների հիացմունքին և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

Վարդավառը համախմբել էր Մալիշկայի երիտասարդներին, ովքեր եկեղեցու բակում  միմյանց վրա ջուր էին ցողում. մեծից փոքր հայտնվել էին վարդաջրով լի աշխարհում…

Մեծ շուքով ու լիասիրտ տոնախմբվեց ճշմարիտ Լույսի փառավորման տոնը, հավիտենական կենդանի Արեգակի՝ Քրիստոսի այլակերպությունը, Ով լուսավորել և լուսավորում է մեզ՝ ի չիք դարձնելով խավարը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements