Վայոց Ձորի թեմ

ՎԱՅՈՑ ՁՈՐ. ԲՈԼՈՐԱԲԵՐԴ (ՊՌՈՇԱԲԵՐԴ)

Advertisements

Վերնաշեն գյուղից դեպի հյուսիս, 7կմ հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի նշանավոր ամրոցներից Բոլորաբերդը, որին կոչում են նաև Պռոշաբերդ, հավանաբար այն պատճառով, որ Պռոշ իշխանը (13-րդ դար), տիրելով Վայոց ձորի մի մասը, վերակառուցել և ավելի է ամրացրել, դարձրել իր իշխանության պաշտպանության հենակետը:

                              Բոլորաբերդի (Պռոշաբերդ) ընդհանուր տեսքը

Սպիտակավոր Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, սրագագաթ լեռան վրա է գտնվում բերդը: Սա Վայոց ձորի ամենաբարձր գագաթներից է: Բոլորաբերդից հյուսիս-արևելք նշանավոր Ղազմա սարն է, բարձրությունը 3000 մ: Ամրոցի արևմտյան կողմի հարթավայրում նկատելի են հին բնակավայրի հետքեր՝ փոսերի ձևով:

Ուսումնասիրողները գտնում են, որ սա Բոլորաբերդ գյուղի ավերակներն են: Դարերի հողմը հավաքել-տարել է լեռնալանջի հողը: Ամրոց բարձրանալու համար այժմ առանձին հատվածներ հարկ է լինում մագլցել: Պահպանվել են ամրոցի պարիսպները՝ շարված հղկված քարերով, կրաշաղախով:

                                      Բոլորաբերդի (Պռոշաբերդ) պարիսպը

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում բերդապահների կացարանները, որոնցից մի քանիսը դեռևս կանգուն են: Սրանք կառուցվել են այնպես, որ հակառակորդը ներս թափանցել երբեք չի կարող, եթե տնակը ունի թեկուզ մեկ պահապան:

 Ընդհանրապես, բերդը անառիկ է, արժանի իր անվանը՝ Պռոշաբերդ-Բոլորաբերդ: Ի դեպ, տեղացիներն այն անվանում են Բերդասար: Քաջբերունին այս մասին գրում է.«Գագաթը երեք կողմից ժայռապատ է, իսկ հյուսիսից ունի կրապատ պարիսպ: Այդ կողմում պարիսպները երկուսն են, ստորին և վերին: Վերջինը կրապատ քարաշեն է, մի քանի տեղ քանդված: Բերդի գագաթի հարթությունը մեծ չէ, մոտավորապես 50մ տրամագիծ ունի: Բերդի ներսում եղել են 40-50 կրաշաղախ սենյակներ, ջրավազան և հորեր» (Արարատ, 1889թ., թիվ 1-ին, էջ 96):

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements