Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. Սմբատաբերդ

Advertisements

 

Հայաստանի տարածքում պաշտպանական կառույցներ` բերդեր և ամրոցներ, կառուցվել են հնագույն ժամանակներից սկսած: Դրանք կառուցվել են հարմար վայրերում` զբաղեցնելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ և թշնամական հարձակումների ժամանակ հանդիսացել են դիմադրության հենակետեր` հուսալի պատսպարան հանդիսանալով նաև շրջակա բնակիչների համար:  Այդպիսի ամրաշինական կառույցներից է նաև Սմբատաբերդը:

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է  և   հիմնվել է վաղ միջնադարում:

Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։

13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի:   Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի  լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով:  Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է: Ունի երեք մուտք` արևելքից, հարավից և հյուսիսից, որոնք շարված են սրբատաշ քարերով:

Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել: Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ:

Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քար վանքի մոտերքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցախաց քար հուշարձանների միջև ընկած տարածքից:

Բերդից մոտ 800 մ հյուսիս-արևելք` նույն  լեռնաբազուկի գագաթներից մեկի վրա պահպանվել են պատերի մնացորդներ, որոնք ակներևաբար վերաբերում են Սմբատաբերդին և մտնում են նրա ամրությունների համակարգի մեջ: Նմանատիպ փոքր կառույցների հետքեր են առկա Եղեգիսի կիրճը եզերող բարձրությունների վրա` Հերմոնից մինչև Շատին: Ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են որպես դիտակետեր:

Սմբատաբերդը շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը պահպանել էր նաև նորագույն շրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների` օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկից թշնամիների դեմ։

1918թ. մարտապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում, գրեթե մեկ ամիս շուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում գտնվող հայաբնակ Էրդափին (հին և Ներկա անունը` Արտաբույնք) գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհի գիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով` կարողանում է թուրքերից հետ խլել բերդը և վերջ է տալ գյուղի շրջափակմանը։

2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

 

 

 

 

Advertisements