Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Advertisements

13-րդ դարի վերջերին մոնղոլներն ընդունում են մահմեդականություն և նրանց հպատակ երկրներում սկսվում են կրոնական հալածանքներ քրիստոնյաների նկատմամբ, ծանրանում են հարկերը: Այս ժամանակ նոր ահազանգ է լսվում Կիլիկիայից: Հեթում Բ-ի ցանկությամբ և անմիջական ազդեցությամբ 1293 թվականին կաթողիկոս է ձեռնադրվում Գրիգոր Անավարզեցին /1293-1307/, որը շուտով սկսում է վարել բացահայտ լատինամետ քաղաքականություն:

Նա չի սահմանափակվում միայն արտաքին արդուզարդի ընդօրինակմամբ, այլև հասնում է պատարագի ժամանակ բաժակի մեջ ջուր խառնելուն, նամակագրական կապեր է հաստատում Կոստանդնուպոլսի հունաց պատրիարքի հետ և այլն: Չնայած այս մասին Օրբելյանը տեղյակ էր, սակայն չի ցանկանում գժտությունների նոր դուռ բացել` նկատի ունենալով Կիլիկիայի քաղաքական անբարենպաստ վիճակը:

Սակայն Օրբելյանի այս քաղաքականությունը ի զորու չեղավ կանխելու անցանկալի դեպքերի  հետագա ընթացքը: Շուտով Սյունիք է ժամանում Գրիգոր Անավարզեցու պատվիրակը` Կեսարիայի եպիսկոպոս Կոնստանդինը, որն իր հետ բերում է կաթողիկոսի նորամուծությունների ցուցակը և առաջարկը` ենթարկվելու և ղեկավարվելու դրանցով:

Օրբելյանը, անշուշտ, սպասում էր Անավարզեցու պատվիրակին և հավատացած էր, որ առանց բուն Հայաստանի եկեղեցիների համաձայնության, Կիլիկիայում պիտի հրաժարվեն նման անիմաստ և կորստաբեր քայլից:

Երբ Կոնստանդին Կեսարացին հասնում է Սյունիք,  Օրբելյանն անմիջապես Նորավանքում ժողով է գումարում Սյունիքի և հարակից շրջանների եպիսկոպոսների և իշխանների հետ, որտեղ միաձայն կերպով որոշվում է մերժել Անավարզեցու առաջարկը: Կազմվում է պատասխան նամակ, որտեղ Օրբելյանը շարադրում է Հայ եկեղեցու` ինքնուրույն մնալու համար դարերով մղած  պայքարի համառոտ պատմությունը, այնուհետև հերքում է Անավարզեցու նամակի հիմնական կետերը:

Նամակի տակ ստորագրում են ժամանակի աչքի ընկնող քաղաքական, հոգևոր, գիտամշակութային նշանավոր դեմքերը:

Այն չափազանց մեծ նշանակություն է ունենում Հայ եկեղեցու ըմբռնած դավանաբանական սկզբունքների և եկեղեցական-ազգային սրբագործված ավանդույթների պահպանման գործում, ցույց տալով, որ Հայաստանի հոգևորականությունը հաստատակամ է տրամադրված և կաթողիկոսը չի կարող միանձնյա  որոշել եկեղեցու ծիսական ու դավանաբանական հարցերում նորամուծություններ կատարելու հարցը:

Նամակի ընդվզող ոգին և ոճը այնքան խիստ են, որ կաթողիկոսի նամակաբերն ինչ-ինչ պատճառաբերություններից ելնելով, հրաժարվել է նամակը Կիլիկիա տանելուց:

Ստեփանոս Օրբելյանի կարևոր ձեռնարկումներից է լինում նաև իր կենդանության օրոք հաջորդ մետրոպոլիտի ընտրությունը, որի նպատակը նոր ընդհարումների ու հնարավոր երկփեղկման կանխումն ու ժառանգականության ապահովումն էր:

Ստեփանոս Օրբելյանը վախճանվել է 1303 թ. և թաղվել է Նորավանքում:

Օրբելյանների տոհմական տապանատանը գտնվող նրա համեստ ձևավորումով մարմարե տապանաքարին փորագրված են հետևյալ տողերը. «ԹՎԻՍ :ՉԾԲ: ԱՅՍ Է ՇԻՐԻՄ ՅԱՆԳՍՏԵԱՆ ՄԵԾԻ ՄԵՏՐԱՊԱԼԻՏԻՆ ՍԻՒՆԵԱՑ ՍՏԵՓԱՆՈՍԻ»:

Շարունակելի…

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝  Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements