Այսօր Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրն է


Այսօր Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրն էՍուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին:

 Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը:

Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը՝ 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

 

Advertisements