Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք. Սուրբ Հուսիկ Հայրապետ


սրբակենցաղ անձինք

Հուսիկը Վրթանես հայրապետի կրտսեր որդին էր, Գրիգոր Լուսավորչի թոռը և առաքինությամբ նման էր հորն ու պապին: Նա, նախքան հայրապետական աթոռին նստելը, փեսայացել էր Տիրան թագավորին: Հորից հետո հայոց հայրապետն էր Հուսիկը՝ ձեռնադրված Կեսարիայում:

Մինչ այդ էլ նա աղոթասեր էր, ճգնասեր, աստվածապաշտ: Նորընծա կաթողիկոսը երիտասարդ էր, առույգ, բարձրահասակ, գեղեցկադեմ և, ինչպես իր հայրը, օժտված էր Աստծու պարգևած շնորհներով: Սակայն նրա և Տիրան թագավորի հարաբերությունները այնքան էլ խաղաղ չընթացան: Դեռ ավելի, դրանք շուտով սրվեցին:

«Թագավորը և իշխանները, – գրում է Բուզանդը, – մեղքեր էին գործում, զուր տեղն անմեղ արյուն թափում (սպանություններ կատարում): Իսկ հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, հանդիմանում, խրատում»:

Բուզանդը գովեստով է խոսում Հուսիկի մասին, ասելով, որ նա մանկությունից ի վեր իմաստնությամբ նմանվել է հայրերին: Պատմիչը նրան նմանեցնում է անուշահոտ ծաղկի, ճշմարտության համար մինչև մահ մարտնչող մարտիկ և քրիստոնեական հավատի նվիրյալ է համարում նրան:

Հուսիկի հայրապետության տարիներին Հուլիանոս ուրացող կայսրը (Կոստանդինի հաջորդը), որ պատերազմում էր պարսիկների դեմ, Հայաստան ուղարկեց իր պատկերը՝ նկարված տախտակի վրա, «ուրվական և դիվական նմանությամբ, հեթանոսական պաշտամունքի սովորությամբ»: Նա հրամայեց Տիրանին դնել այն արքունի եկեղեցում և պատվել: Տիրանը, վախենալով կայսրից, պատկերը բերեց Ծոփաց գավառ, որպեսզի դնի եկեղեցում: Ստանալով այդ լուրը՝ Հուսիկը անմիջապես եկավ թագավորի մոտ և եկեղեցում սկսեց խրատել արքային «սիրով և սաստկությամբ»՝ ետ կանգնել դիվապաշտության հեթանոս սովորույթից, չպղծել սուրբ եկեղեցին և իր անձը: Բայց թագավորը չլսեց նրան:

Մովսես Խորենացին գրում է, որ Սուրբ Հուսիկը պատկերը հափշտակեց թագավորի ձեռքից, գետին գցեց և ոտքով տրորեց ու մանրեց այն:

Տիրան թագավորը տրտմեց, հիշեց նաև կաթողիկոսի մյուս հանդիմանությունները և հրամայեց ճիպոտով ծեծել նրան: Չդիմանալով վայրենի ծեծին՝ Հուսիկ հայրապետը ավանդեց հոգին: Նա հայրապետական աթոռին գահակալն էր 341 – 347 թվականներին:

Կաթողիկոսի մարմինը արքունի եկեղեցու պաշտոնյաները Ծոփքի գավառից բերեցին Թորդան գյուղ և թաղեցին հոր կողքին:

Աղբյուր՝ Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք, Ս. Էջմիածին, 1999թ.:

Advertisements