Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Advertisements

Ստեփանոս Օրբելյանը իր ժամանակի զարգացած և կիրթ անձնավորություններից էր: Եկեղեցական ու քաղաքական գործունեությունից բացի նա զբաղվել է գիտական-ստեղծագործական աշխատանքներով, որոնց մասին են վկայում նրա աշխատությունները` «Սյունիքի պատմությունը», «Ողբը» և «Ժամանակագրությունը»:

«Սյունիքի պատմությունը» նրա կարևոր ստեղծագործությունն է, որտեղ շարադրել է Սյունիքի և Օրբելյանների տոհմի պատմությունը: Նման աշխատություն գրելու մտահղացումը Ստ. Օրբելյանը հիմնավորում է Սյունիքի և իր նախնիների պատմական հիշատակները փրկելու պատճառաբանությամբ: Հետևելով հայ պատմագրության մեջ արմատավորված ավանդույթներին՝ նա իր տոհմի` Օրբելյանների ծագումը ևս տանում է հին ժամանակները, հընթացս ներկայացնելով նաև ավանդություններ և պատմություններ: Իսկ իր ժամանակների պատմությունը շարադրելիս նա  օգտագործում  է բազմաթիվ հավաստի աղբյուրներ (բարձրաստիճան հոգևորականների շրջաբերակններ, եկեղեցական հարկացուցակներ, եկեղեցիների կալվածագրեր, վանքերի արխիվներ, ձեռագրերի հիշատակարաններ, նամակներ, վիմական արձանագրություններ և այլն), որի արդյունքում ստեղծվում է բարձարժեք պատմագիտական աշխատություն:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հայագիր վիմագրերը առաջինը գիտական շրջանառության մեջ է դրել հենց Ստեփանոս Օրբելյանը` իր այս աշխատության մեջ օգտագործելով Սյունիքի հուշարձանների մի շարք կարևոր բնագրեր, որոնց զգալի մասը այսօր հայագիտությանը հայտնի է նրա շնորհիվ:

Ստ. Օրբելյանի այս աշխատությունը իսկական հանրագիտարան է Սյունիքի մասին: Այստեղ ներկայացված են բազմաբնույթ տվյալներ Սյունիքի վանքերի պատմության, տնտեսության, ճարտարապետության, դրանցում ստեղծագործող գիտնականների և արվեստագետների, ինչպես նաև վանքերին կից գործող մատենադարանների, դպրոցների, երաժշտանոցների  մասին:   Պատմիչը մանրամասնորեն ներկայացնում  է նաև Սյունիքի 12 գավառները, արժեքավոր տեղեկություններ հաղորդելով դրանց մասին:  «Պատմության» մեջ հետաքրքիր տվյալներ կան Վրաստանի, Կիլիկիայի, մոնղոլների տիրապետության և արշավանքների մասին: Ու թեև աշխատությունը գրված է տոհմասիրական տեսանկյունից, սակայն նա հանդես է գալիս որպես համահայկական միասնական պետության ջատագով:

Ստեփանոս Օրբելյանի երկրորդ պատմագիտական աշխատությունը «Ժամանակագրությունն» է: Այս աշխատությունը նա ձեռնարկել է 12-րդ դարի պատմիչ Սամվել Անեցու նույնանուն աշխատությունը շարունակելու և լրացնելու նպատակով: Իր ձեռքի տակ ունենալով Անեցու շարադրանքը, որն ավարտվում է 1193 թվականով, Օրբելյանը այդ թվականից սկսում է ժամանակագրությունը և ավարտում է 1290 թվականով:  Որպես սկզբնաղբյուր, «Ժամանակագրությունը» չի կարող համեմատվել «Սյունիքի պատմության» հետ: Սակայն փոքրածավալ այդ աշխատությունը իր պարունակած փաստերով և թվականներով կարևոր ճշտումներ և լրացումներ է մտցնում նրա ընդգրկած տարիների պատմության մեջ:

Ստեփանոս Օրբելյանի երրորդ ստեղծագործությունը «Ողբ» քերթվածքն է, որն ավարտել է 1300 թվականին:   Չնայած «Ողբը» բանաստեղծական ստեղծագործություն է, սակայն նրանում Օրբելյանը նկարագրելով   հայոց կաթողիկոսության վտանգված դրությունը Կիլիկիայում, զարգացնում է այն միտքը, որ կաթողիկոսական աթոռը պետք է տեղափոխել Հայաստան: Նա այդ խնդիրը չի դիտում միայն  որպես կրոնական երևույթ, այլ դրան տալիս է քաղաքական նշանակություն: Օրբելյանի «Ողբը» ըստ էության կոչ էր` ուղղված հայ ժողովրդին, հագեցված նրա  կորսված պետականության վերականգնման ցանկությամբ:

Շարունակելի…

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝  Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements