Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է

Սբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ:

Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե′ր իմ և Աստվա′ծ իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե′ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսիորդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվումէ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ։ Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի։ Մարկոս 2:14 համարում Ալփեոսի որդի է անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները` Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին։

Ըստ եկեղեցական ավանդության՝ Հակոբոսը, նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր եղբոր` Մատթեոսի նման մաքսավոր է եղել։ Հոգեգալստից հետո քարոզել է Հրեաստանում, այնուհետև, Անդրեասի հետ մեկնել է Էդեսսա։

 Հետագայում ինքնուրույն քարոզել է Գազայում և Էլևթերոպոլիսում (Հարավային Պաղեստին) և Եգիպտոսում:

Որոշ հեղինակներ այս Հակոբոսին նույնացնում են Հակոբոս Տյառնեղբոր հետ, ինչը չունենալով բավականին հիմքեր, մերժելի է Արևելյան եկեղեցիների կողմից։ Նրա մահվան և թաղման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ։ Բոլոր հեղինակները համաձայն են, որնա նահատակվել է, սակայն տարբերվում է վայրը և եղանակը։ Նա կամ մահ է ընդունել<<հրեաների կողմից քարկոծման միջոցով>>, կամ խաչվել է Եգիպտոսի ճանապարհին։

Շմավոն առաքյալի քարոզչության մասին պատմում է <<Սիմոնի և Հուդայի չարչարանքները>> վերնագրով պարականոն գրվածքը, ըստ որի՝ առաքյալը Հուդա-Թադեոսի հետ քարոզել և նահատակվել է Պարսկաստանում։ Ըստ ավանդության` նա քարոզել է Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում: Տեղեկություններ կան, որ այցելել է Բրիտանիա։ Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում։

 

Advertisements