ՎԱՅՈՑ ՁՈՐԻ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ՝ ՍԵՐՍ ԵՒ ԲԱՐՁՐՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ՎԱՅՈՑ ՁՈՐԻ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ՝ ՍԵՐՍ ԵՒ ԲԱՐՁՐՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում` Եղեգիս գյուղում տեղակայված Սիրանույշ ճամբարում, օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան 20 երեխա Վայոց ձորի Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60 երեխա Արցախի Հանրապետությունից: «ՍյունիքԶարգացում» Հկի նախաձեռնությամբ կյանքի կոչված ճամբարն իրականացվեց գերմանական Bröt für die Welt կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ՝ նախաձեռնությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի:

 Ծրագրի նպատակն էր օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները և կազմակերպել վերջիններիս ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև դասընթացներով, ինչպես օրինակ՝ կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր և հոգեբանական խորհրդատվություն:

Ճամբարի ողջ ընթացքում բոլոր երեխաներն օգտվել են Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից:
Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական կազմակերպությունը: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը կազմակերպության անունից երեխաներին հանձնեց շապիկներ, գլխարկներ, դպրոցական պայուսակներ՝ ուսմանն անհրաժեշտ զանազան պարագաներով:

Ճամբարի միջոցառման ընթացքում երեխաները հյուրերին ներկայացան երգերով, պարերով և բեմականացումներով: Հյուրերի թվում էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Վայոց ձորի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հարությունյանը, Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական ասոցիացիայի անդամներ, ներկայացուցիչներ «ՍյունիքԶարգացում» Հկից, ծնողներ և այլք:

Ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց գերմանական Bröt für die Welt կազմակերպությանը, որ տարիներ շարունակ աջակցում է ինչպես այս, այնպես էլ կազմակերպության բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև Կանադայի հայոց թեմին և անձամբ Գերշ. Տեր Աբգար Սրբազանին, որ իր աջակցությունն է բերում Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի երեխաներին և երիտասարդներին:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

«Մեզ շատ է դուր գալիս այս ճամբարը, որը շրջապատված է հրաշալի բնությամբ: Ճամբարում մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, նոր գիտելիքներ և ունեցանք բազմաթիվ անմոռանալի և հետաքրքիր օրեր, որոնք երբեք չենք մոռանա,- նշեցին ճամբարի մասնակից երեխաները»:

Աղբյուր՝ Syunik-Development  NGO

Advertisements