Ամառային երկշաբաթյա ճամբարի երեխաների առօրյան


Ամառային երկշաբաթյա ճամբարի երեխաների առօրյան

Օգոստոսի 17-ից  «Ես մենակ չեմ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում կազմակերպվել էր  ամառային երկշաբաթյա ճամբարը, որի նպատակն էր ամառային օրերին սահմանափակ կարողություններով երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն իրենց հասակակից երեխաների հետ և նրանց մեջ ազգային, հայրենասիրական և այլ բարոյական արժեքներ սերմանելը:

Ամառային երկշաբաթյա ճամբարի երեխաների առօրյան

Ճամբարում անցկացվել են մի շարք խմբակներ՝ երգ, պար, նկարչություն, կավագործություն, շախմատ, ասմունք, ինչպես նաև՝ սպորտային ու ժամանցային խաղեր, մանուկների Աստվածաշնչից ընթերցանություն,  հանդիպումքննարկումներ և էքսկուրսիաներ:

Ճամբարում երեխաների առօրյան շատ հետաքրքիր է անցել. նրանք մեծ ոգևորությամբ մասնակցել են բոլոր խմբակներին՝ ստանալով անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, հանդիպում են ունեցել Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ:

Ամառային երկշաբաթյա ճամբարի երեխաների առօրյան

Ուխտագնացություն են կազմակերպել Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Հայր Զարեհն օրհնել է երեխաներին և աղոթք են հնչեցրել առ Աստված:

Հետաքրքիր ու բովանդակալից է եղել նրանց այցելությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ մեծ հետաքրքրությամբ դիտել են Վայոց ձորի մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր և մի շարք եզակի նմուշներ։

Թանգարանում ասմունքով, երգ ու պարով են հանդես եկել երեխաները, որոնց ելույթներն արժանացել են թանգարանի աշխատակիցներին հիացմունքին:

Ճամբարի կազմակերպմանն աջակցել են Վայոց ձորի թեմը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Եղեգնաձորի քաղաքապետարանը:

Ավելացնենք նաև, որ ճամբարի կազմակերպիչ Խ. Մարկոսյանը տեղեկացրեց, որ ճամբարի փակման օրը երեխաները միջոցառմամբ կներկայանան հյուրերին:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements