ԱՅՍՕՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆՆ Է. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ


ԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն նշվելու է սեպտեմբերի 11-ին:

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Տոնին նախորդող շաբաթ օրը կատարվում է եկեղեցու Նավակատիքի տոնը՝ «Տօն Սրբոյ խաչին»: Նավակատիք նշանակում է նոր կերտված, նոր կառուցված եկեղեցու հանդես և կազմված է «նավավ»` նոր և «քերթեն»՝ կերտել, կառուցել արմատներից: Եկեղեցու այս նավակատիքն էլ նվիրված է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքին և ընդհանրացված ձևով խորհրդանշում է ընդհանրապես եկեղեցու նավակատիքը և կատարվում է Խաչվերացին նախորդող օրը:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:ԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների), մահացած մարդկանց վրա դնելով, հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս, խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը»  ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ և ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ

ԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎԻ հիշատակ խաչի այս գերեդարձի՝ եկեղեցում կատարվում է խաչի թափոր: Ռեհանով զարդարված խաչը թափորով պտտեցնելը համարվում է հիշողությունը Խաչափայտի՝ Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հանդիսավորությամբ տարվելուն:

Հայոց Եկեղեցու ամենօրյա արարողությունների Ճաշոց գրքում տոնի արարողության մասին ասվում է.

«Իսկ յառաջ քան զերեկոյեան ժամն՝ դիցեն արծաթի սկտեղբ զՍուրբ Խաչն (որ ունի զմզսն ինչ ի Խաչափայտէն) ի սարկաւագատունն և զարդարեսցեն զնա ռեհանով և վարդեղէն ջրով և ծածկեսցեն պատուական կտաւով: Եւ յիններորդ ժամուն ժողովեսցեն յեկեղեցին և նախ՝ զհսարակաց կարգն կատարեսցեն» (Ճաշոց գիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1872, էջ 632):

Ահա այսպես Ս. Խաչը դնում են արծաթե սկուտեղի վրա, զարդարում են ռեհանով և վարդաջրով ու ծածկում են թանկարժեք կտավով և իններորդ ժամին՝ երեկոյան ժամերգությանը, հավաքվում են եկեղեցում և սկսում արարողության կատարումը:

Այնուհետև ասվում է. «Եւ ապա զգեցցի բուրվառովք՝ լապտերօք քահանայիևք և սարկաւագօք և երթիցեն բուրվառովք՝ լապտերօք և քշոցոք առԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ Սուրբ Խաչն, և երկու ավագերեցք վերացուսցեն սկուտեղամբն զՍուրբ Խաչն բարձրագույն և կղերիկոսքն սպասաւորեսցեն շուրջանակի»:

Այսինքն՝ հանդերձավորված եպիսկոպոսը քահանաների և սարկավագների հետ բուրվառներով, լապտերներով և քշոցներով ընթանում են դեպի Ս. Խաչը, և երկու ավագերեցները սկուտեղով բարձրացնում են Ս. Խաչը: Ապա կատարվում է անդաստանի կարգ, որի ընթացքում Ս. Խաչով խորհրդանշական կերպով օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Նույն ձևով և Ս. Խաչի չորս թևերն են խորհրդանշում աշխարհի չորս կողմերը: Յուրաքանչյուր կողմի օրհնության ժամանակ եպիսկոպոսը, վերցնելով Ս. Խաչը քահանաներից, բարձրացնելով տյառնագրում է, խաչակնքում և կատարում այդ կողմի օրհնությունը, ինչպես Ճաշոցում է ասվում. «Եւ եպիսկոպոսն առեալ զՍուրբ Խաչն ի քահանայիցն, բարձրացուցեալ Տեառնագրեսցէ ասելով…»:

Թափորը, այսպես եկեղեցու չորս կողմը դառնալով, այնուհետև գալիս է եկեղեցու ատյանը, ուր և խորանին դնում են Ս. Խաչը և Ավետարանը, բոլորը երկրպագություն են մատուցում և սկսում երգել «Խաչի Քո, Քրիստոս» շարականը:

Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Նյութը պատրաստեց
Սիրան Սարգսյանը

 

Advertisements