Վայոց Ձորի թեմ

Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում

Advertisements

Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սեպտեմբերի 11-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ովքեր մասնակցել էին առաջնորդարանում կազմակերպված ամառային ճամբարին:

Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը`«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» բնաբանով:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանի, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

 

Աշխարհի 4 կողմերը խորհրդանշող եկեղեցու 4 կողմերում 4 Ավետարանների ընթերցումից հետո հանդիսադիր Հայր Սուրբը, Խաչվերացի թափորի ծիսական արարողակարգի համաձայն, վարդաջրով ցողում էր ներկա գտնվող հավատացյալներին:

Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին:

Ընդունված կարգի համաձայն՝ հավատացյալները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Սբ. Խաչ վանքում հավաքված բազմաթիվ ուխտավորները, հաղորդակից լինելով հոգեպարար այս արարողություններին, ուր խաչված էին միմյանց քրիստոնեությունն ու մեր ազգային էությունը, մեծ խանդավառությամբ ու հոգեպես զորացած, Տիրոջ Խաչի զորությամբ լցված, Աստվածատուր օրհնությունը տարան իրենց ընտանեկան հարկից ներս:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը մեր սրբազան և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements