Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Advertisements

Անգնահատելի է Ստեփանոս Օրբելյանի ծավալած մշակութային գործունեությունը: Նա բազմաթիվ ձեռագրերի պատվիրատու, գրչության ու մանրանկարչության հովանավորող էր: Ստեփանոս Օրբելյանի  գործունեության մասին լավագույնս բնորոշում են հենց իր տողերը. «Ես ինքս խավար լինելով կամեցա ուրիշների համար լույս լինել»:

Ստեփանոս Օրբելյանը և′ Սյունյաց մետրոպոլիտն էր, և′ Նորավանքի առաջնորդը:

Սյունյաց աթոռի վերելքը շարունակվում է իր հաջորդի` Հովհաննես-Օրբելի ժամանակ, որը Իվանե հորեղբոր որդի Լիպարիտի որդին էր: Մոր անունն է Նանա /Աննա/: Աշխարհական անունն է Օրբել, հոգևորը` Հովհաննես:

Ամենավաղ հիշատակությունը Հովհաննես Օրբելի մասին պահպանվել է նրա իսկ ստացած ձեռագրի /Մատենադարան, թիվ 1364/ անթվական հիշատակարանում, որը ելնելով որոշ պատմական փաստերից, պետք է գրված լինի մինչև 1300 թվականը: Հաջորդ ձեռագիրը, որտեղ Հովհաննես-Օրբելի մասին կա  հիշատակություն` 1300 թվականին գրված Ավետարանն է /պահվում է Նոր Ջուղայում/: Գրիչն ու ստացողը Հովհաննես-Օրբելն է, գործը կատարվել է Տաթևի վանքում: Գլխավոր հիշատակարանը բավական ընդարձակ է. հիշատակում է ծնողներին, իր տոհմին, նշելով Սմբատ, Տարսայիճ և Իվանե Օրբելյաններին, վերջին երկուսի զավակներին` Էլիկումին և Լիպարիտին, և նրանց կանանաց` Թամթային և Նանային, հատուկ հիշում է Ստեփանոս Օրբելյանին:

Հիշատակարանը եզրափակում է իր ուսուցիչ Եսայի Նչեցու նկատմամբ ունեցած խորը ակնածանքն արտահայտող տողերով: Գլխավոր հիշատակարանից բացի, ձեռագրի էջերում տեղ են գտել երկու գրություն, որոնցից մեկում Հովհաննես-Օրբելը հիշվում է պրոտոֆրոնտես կոչումով, որը վկայում է, որ նա արդեն այդ ժամանակ օժտված է եղել հոգևոր իշխանության լայն լիազորություններով:

Նրա տիտղոսաշարում պակասում է միայն մետրոպոլիտ անվանումը, որի մասին նշվում է մեկ այլ` 1302 թվականի ձեռագրի հիշատակարանում: Այս հիշատակարանը ցույց է տալիս, որ Ստեփանոս Օրբելյանը գիտակցելով, որ Կիլիկիայում գտնվող Կաթողիկոսական աթոռի հետ առկա հակասությունների պայմաններում անհնար է լինելու իր հաջորդի ձեռնադրությունը կաթողիկոսից, ինքն է հոգացել մետրոպոլիտական լիազորությունները Հովհաննես-Օրբելին հանձնելու մասին:

Մեզ հասած  փաստերը վկայում են այն մեծ ակնածանքի մասին, որը Հովհաննես-Օրբելը տածել է Ստեփանոս Օրբելյանի նկատմամբ: Նա սերտորեն կապված էր Ստեփանոս Օրբելյանի հետ, որին որպես հոգևոր հայր էր ընդունում, իսկ վերջինս մտահոգ լինելով մետրոպոլիտության ճակատագրով և իր հաջորդի պատրաստվածությամբ, միշտ ուշադրության կենտրոնում էր պահում նրան:

Հովհաննես-Օրբելը ի հիշատակ Ստեփանոս Օրբելյանի  խաչքար է կանգնեցրել /այժմ պահվում է Էջմիածնում/, գործը հանձնարարելով Մոմիկին:

Նորավանք. Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Աստվածածնի խաչերը

Գեղաքանդակ խաչքարն ավարտելով 1304 թվականին, Մոմիկը փորագրել է հետևյալ արձանագրությունը. «ԵՍ ԱՒՐՊԷԼ ՅՈՎՀԱՆԷՍ … ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՒՐՆ ԻՄ ՏՐ ՍՏԵՓԱՆՈՍԻ. ԹՎ Չ.., ՄՈՄԻԿ  ՎԱՐԴՊԵՏ»:

Շարունակելի…

 

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝  Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements