Վայոց Ձորի թեմ

Ցախաց քարի վանք

Advertisements

 

Ցախաց քարը  (Ցաղաց քար, Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) գտնվում է Արտաբույնք համայնքից (նախկինում՝ Եղեգիս) 6-7 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռնաշղթայի  հարավային լեռնալանջին, ծովի մակարդակից 2080 մ բարձրության  վրա:

                                                      Ցախաց քարի վանք

Ըստ Ասողիկ պատմիչի` վանքը հիմնված է «ի ձեռն Հոր Ստեփանոսի», 10-րդ դարի կեսերին, Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ (Երվանդ Լալայան, Ազգագրական հանդես, գիրք 26, 1916թ. , էջ17-118)։

Ցախաց քարի վանք. լուսանկարը՝ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանի

Մոտ մեկ դար հետո` 1041թ., ըստ Ստ. Օրբելյանի, «Ցաղաց Քարը` բարձրահռչակ և սուրբ առաքինարանը, որտեղ 490 (1041թ.) Գագիկի թագավորության օրոք Վարդիկ անունով մի վանահայր առաջին սուրբ հայրերի հանգստարանում շինում է երկու պայծառ եկեղեցի, մեկը գմբեթահարկ` սուրբ Կարապետի անունով, մյուսը` թեքակտուր, հրաշալի կառուցվածքով» (Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 282, Երևան, 1986թ.)։

                                                                  Ցախաց քարի վանք

Վանական համալիրը բաղկացած է իրարից մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող երկու խումբ կառույցներից` արևելյան և արևմտյան (Դիվան հայ վիմագրության, 3-րդ պրակ., էջ 140-141):

                                                    Ցախաց քարի վանք

Արևելյան խումբը բաղկացած է երկու՝ Ս. Կարապետ և Ս. Նշան եկեղեցիներից, որոնք կառուցվել են միևնույն՝ 1041 թվականին:

                            Ցախաց քարի վանական համալիր

Ս. Կարապետ եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածք ունեցող կենտրոնագմբեթ կառույց է, կառուցված բազալտի սրբատաշ քարերով և հարդարված բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով: Շքեղ զարդարանք ունեն հատկապես պատուհանները և մուտքի բարավորը:

                                Ցախաց քարի վանական համալիր

Ս. Նշան երկհարկանի դամբարանեկեղեցու առաջին հարկն իրենից ներկայացնում է ներքուստ ուղղանկյուն հորինվածքով, արևմտյան կողմում գավիթ ունեցող պայտաձև խորանով եկեղեցի, իսկ երկրորդ հարկը մատուռ-աղոթատուն է: Կառույցի արևմտյան ճակատը բացառիկ հարուստ մշակում ունի. նրա զարդն են կազմում երկու մեծ չափեր ունեցող գեղաքանդակ խաչքարերը: Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ այս հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթասրահները:

լուսանկարը՝ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանի

Արևմտյան հուշարձանախումբը զբաղեցնում է ընդարձակ մի տարածություն: Այստեղ առկա են երկու եկեղեցի, սյունասրահներ, գավիթ, դարպաս-միջանցք, մատուռ, ձիթհան և բազմաթիվ այլ շինություններ, որոնց մի մասը բացվել է վերջին տարիներին կատարված պեղումների ընթացքում: Այս կառույցների շուրջը տարածվում է մի քանի հեկտար տարածք զբաղեցնող միջնադարյան մի ընդարձակ բնակատեղի:

Ս. Աստվածածին եկեղեցին խմբի գլխավոր կառույցն է: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, չորս մույթերով կառույց է: Ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Իր ճարտարապետական կերպով նման է Սյունիքի 9-10-րդ դարերի նույնատիպ կառույցներին: Եկեղեցուն կից, նրա հարավային կողմում, կառուցվել է սյունասրահ, որը,  հավանաբար, 11-րդ դարի կառույց է: Հուշարձանախմբի հաջորդ՝ Ս. Հովհաննես եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ կառուցված 10-րդ դարում: Հարավային մասում այն ունի երկու ավանդատներ, որոնց միջև թաղածածկ խորանն է: Եկեղեցին կառուցված է բազալտի կոպտատաշ քարերով:

Ս. Հովհաննեսի և  Ս. Աստվածածնին կից սյունասրահի միջև ձգվում է միջանցք, որի արևելյան մասում վանքի կամարակապ դարպասն է: Երկու եկեղեցիների շուրջը պահպանվել են նաև այլ կառույցների ավերակներ, որոնք բացվել են վերջին տարիներին կատարված պեղումների ընթացքում: Ս. Հովհաննես եկեղեցուց հարավ բացվել է նրա հարավային պատին կից կառուցված սյունասրահը, որն իր ճարտարապետական հորինվածքով կրկնում է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմի սրահի ձևերը: Պեղումների ընթացքում բացվել են նաև Ս. Հովհաննես եկեղեցու արևմտյան կողմի գավիթը, որի հատակը ամբողջովին ծածկված է տապանաքարերով, միջանցք-դարպասի  վրա կառուցված փոքր եկեղեցին, Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան մասում գտնվող սյունասրահը և այլ կառույցներ:

Ցախաց քարը Եղեգիս ավանի և Սմբատաբերդի հետ միասին, մինչև Օրբելյան տոհմի տիրապետությունն էլ կազմել են ճարտարապետական, հոգևոր ու քաղաքական մի ամբողջություն և եղել են Վասակյան տոհմի կենտրոնը Վայոց ձորում։

Ցախաց քարը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Այն Տաթևի և Նորավանքի հետ միասին հանդիսացել է Սյունիքի հոգևոր ավագ աթոռներից մեկը: Ցախաց քարը եղել է նաև գրչության կենտրոն. 14-15-րդ դդ այստեղ  օրինակվել են բազմաթիվ ձեռագրեր:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

 

Advertisements