Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում


Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում

Վարագա Սուրբ Խաչի հատկանշական տոնի օրը խաչքարի օրհնության կարգ կատարվեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքի սահմանի մոտ:

Օրհնության կարգը կատարեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Սաղմոսների օրհնությամբ սաղմոսասաց, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր, Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանը ջրով և գինով լվաց խաչքարը, ապա ավետարանական ընթերցումներից ու աղոթքներից հետո օրհնվեց այն:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ով հրավիրեց Արսեն սարկավագին ասելու իր սրտի խոսքը:

Արսեն սարկավագը, անդրադառնալով խաչքարի խորհրդին ու կարևորությանը, երախտիքի խոսք ասաց խաչքարի բարերար Ռոբերտ Խաչատրյանին, քանդակագործ Վարազդատ Համբարձումյանին, համայնքապետ Վարդան Ներսիսյանին և համայնքի ողջ ժողովրդին:

Խաչքարի զետեղումն ու օրհնության կարգը նախաձեռնել էին Արսեն սարկավագ Մաթևոսյանը և քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում

 Խաչքարի օրհնության ու բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, համայնքապետ Վարդան Ներսիսյանը, մարզպետարանի և Խաչիկի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, Երկրապահ Կամավորական միության      անդամներ, Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից եկած հայորդիներ, բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ, խաչիկցիներ:

Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում

Սքանչելի հոգևոր մեղեդիների կատարումներով այս ազգային հոգևոր մթնոլորտն առավել ջերմացրին Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը՝ ղեկավարությամբ Արսեն սարկավագ Մաթևոսյանի:

Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում

Խաչքարի օրհնություն սահմանամերձ Խաչիկ համայնքում

Թող բարձրաբերձ ապառաժի  վրա վեր խոյացած ու օրհնված Սահմանապահ Սուր Խաչը զորավիգ ու պահապան լինի մեր Արարատ սրբազան լեռան անմիջական հովանու ներքո գտնվող Խաչիկ համայնքի մեր հայորդիներին ու հաղթական բանակի քաջազուն զորականներին:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements