«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում


«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում

Արդեն ավանդույթ է դարձել Խաչիկում մեծ հանդիսավորությամբ նշել համայնքի տոնը և «Գաթայի փառատոն»-ը, որն այս տարի նշվեց սեպտեմբերի 25-ին:

Նախ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի կողմից խաչքարի օրհնության կարգ կատարվեց համայնքի սահմանի մոտ:

Այնուհետև Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան:

«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում

Այս տարի գաթայի շառավիղը կազմում էր 3 մետր, որն աշխարհում ամենամեծ գաթան է: Տոնին ներկայացվել էր նաև ամենափոքր գաթան՝ 3սմ:

Ելույթ ունեցան համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Տոնի խորհուրդն ու համայնքի պատմությունը պարբերաբար փառատոնի նախաձեռնողներ Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ ԶՈՒ հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանը և Արուս Ներսիսյանը ներկայացնում էին հյուրերին:

Հանդիսության ընթացքում ելույթ ունեցան  «Սայաթ–Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ Սամվել Գրիգորյանի, Խաչիկի, Զանգակատան <<Էրգիր>>, Վայքի և Արենիի պարի համույթները, Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը՝ ղեկավարությամբ Արսեն սարկավագ Մաթևոսյանի, երգչուհիներ Սոֆի Մխեյանը և Սիբիլը,  իսկ կրկեսային ներկայացումներով հանդես եկավ Ս. Պետրոսյանի անվան Երևանի պետական կրկեսը:

Դեպի հրապարակ տանող ճանապարհի տաղավարներում ներկայացվում էին գյուղը խորհրդանշող հուշանվերներ, նկարներ և ճաշատեսակների նմուշներ, որոնցով համայնքի բնակիչները հյուրասիրում էին ներկաներին:

Ուրախալի է, որ այս տարի ևս համայնքի տոնին մասնակցում էին ոչ միայն մարզի տարածքից եկած հայորդիներ, այլև՝ Հայստանի տարբեր մարզերից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ մասնակիցներ:

Ողջ այս հանդիսությունը կազմակերպվել էր համայնքապետարանի, Արսեն սրկ. Մաթևոսյանի և Արուս Ներսիսյանի ջանքերով:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements