Հովհաննես–Օրբելը նախնական կրթությունը ստացել է Նորավանքում, հետագայում ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում` Եսայի Նչեցու մոտ: Որպես երախտապարտ աշակերտ, նա մեծ աջակցություն է ցույց տվել Գլաձորի համալսարանին։
Հովհաննես-Օրբելի գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում հակաունիթորական պայքարը: Այս շրջանում ունիթորները կամ միարարները, փորձում էին Հայոց եկեղեցին դավանափոխ անել և ենթարկել Հռոմի պապի իշխանությանը: Այս առումով հատկանաշական է կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացուն /1307-1329 թթ./ հասցեագրված նամակը, որի տակ ստորագրած Հովհաննես-Օրբելը, Ստեփանոս-Տարսայիճը և Եսայի Նչեցին իրենց խիստ բողոքն են արտահայտում Կիլիկիայի միարարական ձգտումների հանդեպ:
Հովհաննես-Օրբելը նաև գրի և գրչության մարդ է եղել: Նրա մասին առաջին իսկ հիշատակություններում տեսնում ենք, որ ինքն է մատյաններ ընդօրինակում, իսկ հետագայում հանդես է գալիս որպես հովանավոր, պատվիրատու, ստացող: Նրա ղեկավարությամբ և հորդորներով ստեղծվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ:
Հովհաննես Օրբելը վախճանվել է 1324 թ և թաղված է Նորավանքում` Օրբելյանների տոհմական տապանատանը: Նրա տապանաքարին փորագրված է §ԹՎԻՍ :ՉՀԳ: ՏՈՒՆ ԻՄԱՍՏԻՑ ԵՒ ՀԱՆՃԱՐՈՅ ԱՒՐՊԷԼ ԶՈՎԱՆԷՍ ՀՌՉԱԿԱՒՈՐ ՄԵՏՐԱՊԱԼԻՏ ՍԻՒՆԵԱՑ¦:
Հովհաննես Օրբելին փոխարինել է Ստեփանոս–Տարսայիճը, որը Ստեփանոս Օրբելյանի եղբոր` Ջալալի որդին էր:
Ստեփանոս-Տարսայիճի կյանքի և գործունեության մասին փոքրաքանակ աղբյուրներ են հայտնի. մի քանի ձեռագրերի հիշատակարանները և վիմագիր արձանագրությունները միայն առանձին դրվագներ են ներկայացնում: Նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ: Հայտնի է, որ մկրտության անունը եղել է Տարսայիճ, իսկ հոգևոր կոչում ստանալուց հետո վերանվանվել է Ստեփանոս: Պատմական աղբյուրներում նա հանդես է գալիս երկու անունների հարադրությամբ: Սովորել է Գլաձորի համալսարանում. պահպանվել են մի քանի ձեռագրեր, որոնք վկայում են 1314 թվականին նրա` Գլաձորում ուսանելու մասին: Ստեփանոս-Տարսայիճը եղել է արտակարգ ընդունակ անձնավորություն՝ երիտասարդ հասակում արժանանալով Սյունյաց արքեպիսկոպոսի կոչման: Նրա օրոք Նորավանքում սկսվել է Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցու կառուցումը` Բուրթել Օրբելյանի հովանավորությամբ և Մոմիկ ճարտարապետի նախագծով: Ստեփանոս-Տարսայիճի մահվան թվականը ստույգ հայտնի չի: Վերջին հիշատակությունները նրա մասին 1331 թվականից են, իսկ 1333 թ. ձեռագրերից մեկում որպես Նորավանքի վանահայր է հիշատակվում Սյունյաց աթոռակալ Սարգիս Գ-ն:
Սարգիս Գ–ն Որոտանի հին իշխանական տոհմից էր` Ս. Հովհաննես Որոտնեցու հորեղբայրը: Մատենագիտական աղբյուրներում նա վերջին անգամ հիշատակվում է 1337 թ.` կապված Երուսաղեմ կատարած ուխտագնացության հետ: Այնուհետև պահպանված կցկտուր տեղեկությունների համաձայն Նորավանքի առաջնոդներ են հիշատակվում Ստեփանոս Սուլթանշահը /որը Բուրդելի որդի` Իվանեի¥Իվանիկի¤ որդին էր/ ` 1360 և 1366 թվականներին, և Զաքարիա եպիսկոպոսը` 1441 թվականին:
Սյունյաց Օրբելյան իշխանական տան տոհմածառը և առաջնորդների գավազանագիրքը պահվում են Նորավանքում` §Մոմիկի¦ թանգարանում:
Պատրաստեց Սիրան Սարգսյանը
Լուսանկարները՝ Նորավանքի հոգևոր հովիվ
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի