Այսօր Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օրն է


Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով:

Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին:

Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք` առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին` իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը կատարել է նրա խնդրանքը և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` իր մոր կողքին:

Advertisements