Այսօր Սբ. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է


Այսօր Սբ. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է

Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Սբ. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է:Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից և մինչև Նրա համբարձումը: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիոտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:  21-23):Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»:

Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը:

Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության, առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Սբ. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:Շիղան եղել է Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

 

Advertisements