Ուխտագնացություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի


Ուխտագնացություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ուխտագնացություն էր նախաձեռնել Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի:

Այս տարի Սբ. Աննա եկեղեցու օծման 16-ամյակն էր, որի առիթով այսօր, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Հայրը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Արա Արշավիրի Աբրահամյանին՝ այս գեղեցիկ եկեղեցին կառուցելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել և նպաստել են, որպեսզի հոգևոր կյանքը Մալիշկայում առավել ակտիվ լինի:

Տեր Վազգենը, ի մասնավորի, նշեց նախորդ տարիների խաչքավորներին՝ Սամվել Սարգսյանին, Արմեն Մաթևոսյանին և Սամվել Խաչատրյանին:

Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մալիշկա համայնքի 2 մանկապարտեզների սաները:

Տոնական հանդիսության ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Փոքրիների համար անակնկալ էր պատրաստել Տեր Վազգենը, ով վերջում երեխաներին բաժանեց գունավոր կավիճներ և հրավիրեց նրանց՝ իրենց հատկացված վայրերում նկարելու:

Առ Աստված աղոթքով, ազգային երգով, պարով, խինդով ու երջանկության ջերմագին այս օրն առիթ տվեց մեզ մեկ անգամ ևս համոզվելու, որ մեր Մայր Սուրբ Եկեղեցին իր հավատարիմ զավակների իրական պաշտպանն է ու առաջնորդողը կատարելության, իմաստության և հաղթանակի ճանապարհով:

Թող Ամենակալ Աստված բոլոր ուխտավորների ուխտն ի կատար ածի, և Սուրբ Աննա եկեղեցին զորավիգ ու պահապան լինի բոլորին. ամեն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements