Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. Գնդեվանք

Advertisements

Գնդեվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Այն գտնվում է Վայոց ձորում, Արփա գետի գեղատեսիլ կիրճում, նրա ձախափնյա հարթակներից մեկի վրա, Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք: Հեքիաթային գեղեցկություն ունեցող այս վայրում Գնդեվանքը շրջակա բնության հետ մի ամբողջականություն է կազմում:

Մեզ հասած ավանդության համաձայն, վանքը 40 օրում կառուցել է Սյունաց Սոփյա իշխանուհին՝ վաճառելով իր վերջին հարստությունը՝ գնդերը, որի պատճառով էլ վանքը կոչվում է Գնդեվանք:

Ստեփանոս Օրբելյանի վկայության համաձայն, վաղ ժամանակներում վանքի տեղում եղել է ուխտավայր: Վայրի դիրքը, բնական գեղեցկությունը հրապուրում են Սյունյաց Սոփյա իշխանուհուն և նա որոշում է եկեղեցի կառուցել: Շինարարական աշխատանքները ղեկավարում է Եղիշե նկարիչը, որը միաժամանակ նկարազարդում է  եկեղեցու պատերն ու առաստաղը:

Ըստ Ստ.Օրբելյանի՝ այստեղ մեծամեծ ճգնությամբ աչքի է ընկել Գնդունի կոչված հայր Սուփանը, որի անունով էլ վանքը կոչվել է Գնդեվանք։

Երվանդ Լալայանը մի այլ ավանդազրույց է գրառել Գնդեվազ գյուղում։ «Վանքի տեղում Նախավկայի անունով մի ուխտատեղի է եղել, ուր ուխտի էր եկել Սմբատ թագավորի կին Սոփիա տիկինը։ Նա կամեցել է այստեղ մի վանք շինել և նույն գիշերը երազում տեսել է մի մարդ, որ ասում էր իրեն. «Սոփիա խանում, այդ բանը որ մտածեցիր` կատարի′ր» (Երվ. Լալայան, Ազգագրական հանդես, գիրք 26, էջ 9, 1916թ.)։

Տիկինը առավոտյան ձեռնարկել է վանքի շինությունը և երբ ավարտել է` հրավիրել  է այս ձորի այրերում ճգնող ճգնավորներին այդտեղ տեղափոխվելու։ Սրանց մեջ եղել է նաև Օվանես անունով մի ճգնավոր, որը չափազանց ծեր լինելով՝ չի կարողացել կանգնել և միշտ նստած է աղոթել։ Այս պատճառով էլ նրան կոչել են Գունտ Օվանես։ Սա դառել է վանքի առաջին վանահայրը։ Նրա անունով էլ վանքը կոչվել է Գնդեվանք։

Հետագայում այստեղի Պետրոս քահանան և Սարգիս վարդապետը խորհուրդ են արել, որ վանքի մոտ մի գյուղ հիմնեն, որ նրա եկամտով վանքը հոգա իր պետքերը։

Հետագայում թուրք և քուրդ խաշնարածների ճնշման տակ գյուղը մի քանի անգամ դատարկվել է, վերջին անգամ` 18-րդ դարում։ Եվ միայն 1860-ական թթ., հիմնականում Գնիշիկ և Խաչիկ գյուղերից, ընտանիքներ են եկել և նորից շենացրել Գնդեվազ գյուղը։

Համալիրը կազմված է Սբ. Ստեփանոս եկեղեցուց, նրան կից գավթից, վանքը շրջապատող պարիսպներից, բնակելի և օժանդակ սենյակներից: Շինությունները կառուցված են կապույտ բազալտից:

Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցելով` Սյունաց Սոփյա իշխանուհին 936 թ., թողել է հետևյալ արձանագրությունը.«Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերայ»։ /Առանց ակի մատանի էր Վայոց Ձորը, կառուցեցի Գնդեվանքը և որպես մատանու քար՝ դրեցի վրան/: Եկեղեցին գմբեթավոր քառաբսիդ կառույց է, արևելյան կողմում երկու ավանդատներով: Ներսում, առագաստների վրա չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներն են: Եկեղեցու պատերը որմնանկարված են եղել, որից առանձին պատառիկներ են մնացել. արևելյան աբսիդում պահպանվել են Քրիստոսի պատկերի հատվածներ, հյուսիսային ավանդատան արևմտյան պատին պատկերված է Աստվածամոր կերպարը, որն աչքի է ընկնում կատարման վարպետությամբ:

Վանքին է նվիրվում  Գնդեվազ գյուղը, որի հողերը ոռոգելու համար 1008 թ. Որոտան գետի վերին հոսանքից 24 կմ երկարությամբ  ջրանցք է անցկացվում. որը 19-րդ դարում, Շուշիի երբեմնի գավառապետ Շանգիրեի կողմից վերանորոգվելուց հետո գործում է նաև ներկայումս:

Եկեղեցու գավիթը գտնվում է արևմտյան կողմում: Այն կառուցել է վանքի առաջնորդ Քրիստափոր վարդապետը 999 թ.: Գավիթն  իրենից ներկայացնում է ուղղանկյուն թաղածածկ դահլիճ, որի հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծերով երկու սենյակներ /արևմտյանը հավանաբար եղել է գրատուն/:

Գավիթը առաջին նմանօրինակ կառույցներից է Հայաստանում և առանձնահատուկ տեղ է գրավում միջնադարյան հայ ճարտարապետության մեջ:

Վանքը շրջապատող պարիսպները և դրանց կից բնակելի և օժանդակ սենյակները կառուցվել են 17-րդ դարում: Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպը միաժամանակ հենապատ է ծառայում, որի շնորհիվ զառիթափ լանջի վրա կառուցված վանքն ունի հարթ բակ: Սենյակների ներսում, պատերի մեջ կան խորշեր և մեկական բուխարի: Վանքի հարավային պարիսպներին կից է սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով և կրակարանով:

Գնդեվանքում բազմաթիվ վիմագիր արձանագրություններ են պահպանվում: Գնդեվանքը ժամանակի ընթացքում քանիցս վերանորոգվել է: Հայտնի է, որ 1309 թ. եկեղեցին նորոգել է Գրիգորը, 1691 թ.` Պետրոս վարդապետը, որի արձանագրությունը պահպանվել է եկեղեցու արևմտյան պատին: 1875 թ. Հովհաննես վարդապետ Տեր-Հարությունյանը, բնակվելով վանքում, մաքրել և բարեկարգել է, ապա վանքը նորոգել է տաթևցի վանահայր Պետրոս վարդապետը: 1968 թ. Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության պատվերով և միջոցներով սկսվել է հուշարձանախմբի (եկեղեցու, գավթի) վերանորոգումը, որն ավարտվել է 1971 թ.:

Վերջին տարիներին էլ շարունակվել են վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝  Տիգրան Մկրտչյանի 

 

Advertisements