Վայոց Ձորի թեմ

Վայոց ձոր. Նորավանքի մեկենասները` հայոց Օրբելյանները

Advertisements

Հայ միջնադարյան պատմիչներից Օրբելյանների մասին հանգամանալից տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Օրբելյանը: Որպես Օրբելյան տան ներկայացուցիչ, նա  առանձնահատուկ վերաբերմունք ուներ իր նախնիների հանդեպ ու հպարտ էր Օրբելյանների տոհմի ներկայացուցիչը լինելու համար: Հենց այդ հանգամանքից էլ ելնելով, նա Սյունիքի պատմությունը շարադրելիս ընդգծել է Օրբելյանների գործունեությունը: Հետևելով հայ պատմագրության ավանդույթներին՝ Ստեփանոս Օրբելյանն իր տոհմի ծագումը տանում է դեպի դարերի խորքերը՝ այդ տոհմի շուրջ հորինելով բազմաթիվ պատմություններ կամ գրի առնելով արդեն վաղուց եղածները:

 Այդ պատմությունները նման են այն ավանդություններին, որոնք հյուսվել են հայկական այլ նախարարական տոհմերի` Բագրատունիների, Մամիկոնյանների, Արծրունիների և մյուսների շուրջը: Սակայն պետք  է նկատի ունենալ, որ Օրբելյանների մասին պատմիչի հաղորդած ոչ բոլոր տեղեկություններն են ավանդական: Ավանդական են միայն այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են տոհմի ծագմանն ու նրա պատմության նախնական ժամանակներին: Իսկ ինչ վերաբերվում է Օրբելյանների պատմության հետագա ժամանակներին, ապա  Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» մնում է որպես հավաստի և վստահելի սկզբնաղբյուր, որտեղ պատմիչը գրի է առել այն ամենը, ինչի ականատեսը ինքն է եղել, և բացի այդ պատմիչն օգտագործել է նաև այլ աղբյուրներ:

Ստեփանոս Օրբելյանը Օրբելյանների ծագումը հասցնում է գրեթե մինչև Հայկ նահապետի և եղբոր` Քարթլոսի ժամանակները։

Ըստ նրա, հենց այդ ժամանակ Վրաստանում անսպասելիորեն «Ճենաստանից» հայտնվում է քաղաքական պատճառներով փախստական դարձած մի քաջ ու համարձակ երիտասարդ` իր ընտանիքի և զիանկիցների հետ: Նա Մցխեթի տիրոջն առաջարկում է իրեն բնակվելու համար տեղ տալ Քարթլիում` փոխարենը խոստանալով պայքարել գահի դավաճանների և օտար նվաճողների դեմ: Մցխեթցիները, ընդառաջ գնալով օտարականին, նրան են տրամադրում Օրբեթ բերդը իր շրջակա տարածքներով: Բերդի անունով էլ նրանք կոչվում են Օրբելներ, Օրբելիներ կամ Օրբելյաններ: Կատարելով իրենց խոստումը՝ ճակատամարտերից մեկի ժամանակ Օրբելյանները ջախջախում և դուրս են քշում պարսիկներին երկրի սահմաններից: Այդ հաղթանակի շնորհիվ Օրբելյանների հեղինակությունը և հռչակը տարածվում է Վրաստանով մեկ և Օրբելյաններին է վստահվում Վրաստանի զորքերի սպարապետությունը։

Սակայն շատ չանցած ` 1177-1178 թվականներին, Իվանե Օրբելյանը, որը մեծ հեղինակություն ուներ Վրաստանում, իր համախոհ որոշ վրացի ազնվականների հետ ապստամբում է Գեորգի 3-րդ թագավորի դեմ: Խռովությունը սակայն ճնշվում է, և թագավորը արյունալի դատաստան է տեսնում ապստամբների առաջնորդի` Իվանե Օրբելյանի նկատմամբ:

Շարունակելի…

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Լուսանկարները՝ Նորավանքի հոգևոր հովիվ
Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի

Advertisements