Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը: Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին. «Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդաղաչեցեք  հնձի տիրոջը,  որ մշակներ հանի իր հնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄քուրեմն  աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին: Continue reading

Advertisements