Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը: Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին. «Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդաղաչեցեք  հնձի տիրոջը,  որ մշակներ հանի իր հնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄քուրեմն  աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին:

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Հայաստան եկավ նաև Ս. Բարդուղիմեոսը: Նրա քարոզչության շնորհիվ նորադարձներն ավելի շատացան, որոնց մեջ նաև Սանատրուկի քույրը՝ Ոգուհին: Սակայն Ս. Բարդուղիմոսին նույնպես վիճակվեց նահատակի ճակատագիրը: Ավանդությունն ասում է, որ առաջին առաքյալներն իրենց հետ Հայաստան բերեցին նաև մի քանի նվիրական սրբություններ՝ Հիսուսի պատկերով դաստառակը՝ թաշկինակը, Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, Աստվածամոր պատկերը և Հիսուսի տված յուղը, որը մինչև օրս մյուռոնօրհնության ժամանակ խառնվում է նորին:

Հայաստանում առաջին քրիստոնյա համայնքի հիմնադիր առաքյալներն օժտված էին աստվածային իմաստությամբ և Հիսուսի գործը քարոզելու յուրահատուկ շնորհով, աստվածային տեսիլքով ու երազով, սակայն այս ամենից բացի, նրանց մի հզոր ուժ էր տրված, որպեսզի երբեք չխոնարհվեին չարի առաջ, լինեին ուժեղ, վճռական ու նվիրյալ:  Այդ ուժը հանուն իրենց նպատակի, հանուն իրենց գործի հաջողության, մինչև զոհաբերություն գնալու ուժն էր: Հիսուսի առաքյալներն իրենց առաքելության առաջին իսկ պահից գիտակցեցին, որ իրենց ճանապարհը, նախ և առաջ զոհաբերության ճանապարհն է: Այդ անանձնական գիտակցությամբ էլ նրանք նվիրվեցին իրենց գործին, որն էլ դարերի համար հավերժացրեց դրա կարևորությունը:

Իսկ ո՞րն է Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի զոհաբերության խորհուրդը մեզ՝ հայ քրիստոնյաներիս  համար:

Այն բացառիկ է մեզ համար իր ազգապահպան արժեքով: Այդ խորհրդով էր, որ հայ հոգին փարվեց քրիստոնյա հոգուն, և Հայաստանում հիմքը դրվեց Քրիստոսի Եկեղեցու: Դա դարձավ այն ամուր պատվանդանը, որի վրա մի ուրիշ ընտրյալի՝ Ս. ԳրիգորԼուսավորչի կրկին անանձնական զոհաբերությունների գնով վեր խոյացավ հայոց հոգու տաճարը, քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց Հայաստանում, հստակ ձևավորում ստացավ Հայոց Եկեղեցին: Եվ հենց Հայ Եկեղեցին էր, որ եղավ ու կա մեր ազգապահպանության երաշխիքը թե′ հայոց պատմության դաժան Գողգոթայում, թե′ այսօրվա անկախ Հայաստանում ու նաև Սփյուռքում: Իսկ ինչպե՞ս:

Անբեկանելի ճշմարտություն է, որ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների և նրանցից հետո ուրիշ սրբերի ու սրբակենցաղ անձանց, մեր Եկեղեցու նահատակների արյամբ սրբագործված Հայոց Եկեղեցին ոչ միայն հայոց գրերի, մշակույթի, գրականության, դպրության ծննդավայրն է ու անբիծ տաճարը, այլ նաև հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահապանն է, մեր անցյալի ու ներկայի խոսուն հուշամատյանը: Հայոց Եկեղեցու սրբացած վարդապետն էր Ս. Մեսրոպ Մաշտոցը, որ աստվածաշնորհ զորությամբ և աստվածային տեսիլքով ստեղծեց հայոց գրերը, որոնք էլ դարձան մեր ժողովրդի գոյատևության ու առաջընթացի մեծագույն գրավականը: Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ ոգեղեն այն ամրոցը, որ աներեր պահեց մեզ մեր պատմության բազում դժվարին փորձություններում, ապրեցրեց մեզ հայեցի, արժանապատիվ: Ինչպես կարող ենք չհիշատակել, որ ազգապահպան արժեք ունեցող առաջին գրական-գեղարվեստական ստեղծագործությունները, գիտական մտքի շողարձակումները, մեր դրամատիկ նաև հերոսական կյանքի պահերը, որոնք հետո պատմություն դարձան,հավերժացան մեր Եկեղեցու խոնարհ սպասավորների, մեր ազգանվեր ու աստվածապաշտ վարդապետների ձեռքերով՝ եկեղեցիների ու վանքերի խնկաբույր խցերում:

Հայոց Եկեղեցին մեր ազգային-ազատագրական դարավոր պայքարի հերոսական մասնակիցն ու մեր արդար դատի միջազգային ճանաչման համար նախանձախնդիր պայքարողն է եղել և է:

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցի մեր ազգային միասնականության ջահակիրն է, հզոր կամուրջը Հայաստանի ու Սփյուռքի միջև: Այս ամենով է, որ մեր Եկեղեցին մեզ հայ պահեց: Ահա թե որտեղ պետք է որոնել սրբազան առաքյալների նահատակությամբ իրականացված աստվածապատգամ գործի խորհուրդը:

Այդ խորհուրդը կրողները հատկապես մենք՝ հոգևոր դասի սպասավորներս, պետք է լինենք, որ Հիսուսի առաքյալների գործի շարունակողներն ենք, Աստծուն ծառայելուց զատ նաև ժողովրդին ծառայելու սրբազան պարտականությունն ունենք: Այդ ծառայության խորհուրդը իրոք հրաշալի է ձևակերպել երջանկահիշատակ Թորգոմ պատրիարք Գուշակյանը. <<Հոգեւորականին կեանքը արիւնի զոհ մը ըլլալէ աւելի եւ առաջ պետք է լինի անարիւն պատարագ, այսինքն՝ խօսուն պաշտօն, կենդանի զոհաբերում անձին՝ իր բոլոր զօրութիւններով, ամբողջ հոգիովն ու կեանքովը, այսինքն՝ բանաւոր ու գործնական կերպով՝ ըլլալու համար փառաբանութիւն Աստուծոյ անուան>>:

Այո′, մեր առաքելությունն այսօր այդպիսին պետք է լինի, որովհետև այդպես միայն կարող ենք միասնաբար ժողովրդից հեռու վանել հին մարդը, նորոգել նրան հոգով ու մտքով այնպես, որ նա հագնի նոր մարդը, որն ստեղծված է Աստծու արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ: Եվ այդպես արժանի կլինենք շարունակելու Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների սրբազան գործը՝ ի փառս Աստծու և ի փառս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավիտյանս, հավիտենից. Ամեն:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements